VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։
Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ
Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում
Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»: Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարա՞ն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Կարծում եմ՝ մանդատը վայր կդնի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձևի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլև ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։ Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի
Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում և հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։ Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաև Արտաշատում։ Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ
Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։ Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետը ստորագրությամբ ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ
Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ
Խաչիկ Խաչատրյանը:
Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո նախկին պաշտոնյան կալանքի տակ է, իսկ ահա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանն օրերս ազատվել է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ: Թեև մյուս կողմից կատարվածը տեղավորվում է տրամաբանության մեջ այն առումով, որ դատավորը ոչ այլ ոչ է, քան հայտնի
Մնացական Մարտիրոսյանը՝ քաղբանտարկյալների դատավոր Մացոն»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաև համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր և թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:
Միհրան Պողոսյանը պայքարելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս և պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն: Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:
«Փաստ»-ն արդեն գրել էր, որ ՀՀԿ վերնախավը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին մեկ ամիս առաջ հասկացրել էր, որ նա այլևս ՀՀԿ–ին պետք չէ խորհրդարանում: Եվ հուշել էին, թե գործադիրում մի գործ կտան: Սակայն Մելիքյանը նախ փորձեց իր անունը մտցնել Տավուշի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի մեջ, ապա համոզվելով, որ հայրենի եզերքում հաղթելու շանս չունի` դիմեց շրջապատի օգնությանը: ՀՀԿ համապետական ցուցակում Մելիքյանին հատկացրին 150–ից էլ ներքև տեղ: Սա արդեն նրա համար խայտառակություն էր: Եվ Մելիքյանը դիմեց իր հովանավոր
Բարսեղ Բեգլարյանին. մեկ գիշերվա մեջ Բեգլարյանի «կախարդական փայտիկը»
Գագիկ Մելիքյանի անունը տեղավորեց պատվավոր 29–րդ անցողիկ տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Թե ինչ են զրուցել և ինչ որոշման հանգել հանդիպման ընթացքում, պարզել չհաջողվեց: Միայն նկատելի է եղել, որ Սեդրակյանը նախագահի նստավայրից դուրս է եկել բավականին բարձր տրամադրությամբ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար: Ու տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից և որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Սակայն
Դավիթ Սեդրակյանը չառաջադրվեց նաև «Ծառուկյան» դաշինքով: Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակներում 48 ժամ ճշգրտումներ անելու հնարավորություն է տալիս, և այդ ժամկետն էլ դեռ չի սպառվել, ապա կարող ենք հետաքրքիր զարգացումների սպասել. պատգամավորի բարձր տրամադրությունը թերեւս դրա ապացույցն է:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ
Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։ Որպես առանցքային միջնորդ դիտարկվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում հետ Դալլաքյանն ունի վաղեմի ընկերական հարաբերություններ։ Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ հաշտվելուց հետո չի ակնկալում վերադառնալ պետական աշխատանքի, պարզապես ուզում է հասկացնել, որ նպատակ չունի նրան վնասել»։