Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 24-ին ընդունված Եվրախորհրդարանի բանաձևի կապակցությամբ բողոքի նոտա հանձնելու նպատակով կանչել է Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոյին: Դիվանագիտական գերատեսչությունը ոչ միայն հանձնել է բողոքի նոտա, այլև սուր քննադատության է ենթարկել եվրոպական կառույցների դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ցուցաբերել է բացահայտ դժգոհություն՝ «վճռականորեն դատապարտելով» ինչպես բուն բանաձևը, այնպես էլ եվրահանձնակատարի «անհիմն և կանխակալ կարծիքները», որոնք հնչել են խորհրդարանական քննարկումների ժամանակ: Հատկապես հուզական էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ԵՄ գործողությունները իբր «զրպարտչական արշավ» են: Ըստ Բաքվի, եվրոպական հաստատություններն իրենց հայտարարություններով և գործողություններով «խրախուսում են ռևանշիզմը Հայաստանում» և «վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»:
Բավականին կոշտ տոնով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է Եվրամիությունից «ձեռնպահ մնալ կանխակալ քայլերից» և դադարեցնել այն, ինչը Բաքուն համարում է միջամտություն իր ներքին գործերին: Ընդ որում, ադրբեջանական կողմը հիշեցրել է ԵՄ-ի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների մասին՝ փաստացի ակնարկելով եվրոպական կողմի կողմից դրանց խախտման մասին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Եվրախորհրդարանը խիստ քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար և կոչ է արել ԵՄ-ին խզել էներգետիկ գործընկերությունը այդ երկրի հետ:
Մասնավորապես, եվրոպացի պատգամավորները կոչ են արել ԵՄ առաջնորդներին օգտագործել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ադրբեջանական իշխանություններին հիշեցնելու մարդու իրավունքների ոլորտում իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ անելու անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բացի այդ, Եվրախորհրդարանը դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսուհետ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովները չանցկացվեն մարդու իրավունքների ոլորտում վատ համբավ ունեցող երկրներում:
Եվրախորհրդարանը, որն առաջին անգամը չէ, որ քննադատում է Բաքվին ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների հետապնդման համար, կրկին կոչ է արել ԵՄ ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարած Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ:
Եվրոպացի պատգամավորները նաև հիշեցրել են ադրբեջանական իշխանություններին «Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի (...) կամ հիբրիդային սպառնալիքների» անթույլատրելիության մասին և «խորը մտահոգություն» են հայտնել 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման կապակցությամբ՝ «հայ բնակչության զանգվածային արտագաղթից» հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողության արդյունքում վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ, ԼՂՀ-ն կապիտուլյացիայի ենթարկվեց և պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ:
Բանաձևը կոչ է անում Բաքվին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև սկսել նրա հետ «համապարփակ և թափանցիկ երկխոսություն», երաշխավորել բոլոր իրավունքների պաշտպանությունը և «ձեռնպահ մնալ ցանկացած հրահրիչ հռետորաբանությունից, որը կարող է խտրականություն հրահրել հայերի նկատմամբ»: