VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը զրուցել է հայտնի վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ՝ քննարկելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընդդիմության գործունեությունը և երկրի արտաքին քաղաքականության հնարավոր զարգացումները: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, եվրոպամետ ուժերի նախաձեռնություններին, ինչպես նաև Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունների հնարավոր ազդեցությանը Հայաստանի ապագա քաղաքական ուղղության վրա: Հակոբ Բադալյանը կիսվել է իր վերլուծություններով և կանխատեսումներով՝ ներկայացնելով իրավիճակի բազմակողմանի պատկերը:
լուսանկարում Հակոբ Բադալյանն է
Վերջին շրջանում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը երկու հանրահավաք հրավիրեց, սակայն մեծ հաջողություն չգրանցեց: Ինչո՞ւ են այդ հանրահավաքները սակավամարդ, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացո՞ւմն է, թե՞ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը:
Շատ բարդ է գնահատել, իհարկե, թե որն է Բագրատ Սրբազանի կամ իրեն ուղղորդող քաղաքական կամ փորձագիտական թիմի գլխավոր նպատակն այս պահին: Բարձրաձայնված նպատակն, իհարկե, իշխանափոխությունն է, սա հասկանալի է: Սակայն շատ հարաբերական է, թե ինչ ժամանակային, ռեսուրսային հնարավորություններ են դիտարկվում: Ուստի նաև հարաբերական է, թե ինչ հաշվարկների վրա են հիմնված այս գործողությունները:
Իմ գնահատմամբ Բագրատ Սրբազանը շատ լավ հասկանում է, որ հանրային ռեսուրսի անմիջական ներգրավման միջոցով այս պահին իշխանափոխության հասնելու հնարավորություն Հայաստանում չկա: Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Այս պահին նաև չկա քաղաքական դերակատարների շահերի այնպիսի համընկնում, որը շուտով կբերի իշխանափոխության իրատեսականության: Այս պայմաններում Բագրատ Սրբազանն այժմ պարզապես լուծում է գործընթացը պահելու խնդիր: Գործընթացը պահել այնպիսի տոնուսի մեջ, որ իրավիճակի, հանգամանքների արագ փոփոխության պարագայում ինքն ի վիճակի լինի արագ արձագանքելու դրան:
Պարոն Բադալյան, ընդդիմության անհաջողությունների ֆոնին, նրանց շարքերում կարծես ներքին հակասություններն են սկսվել, կամ դրանց մասին այժմ են բարձրաձայնում: Օրինակ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարում է, որ նախկին երկու նախագահների ստվերներն են, որ խանգարում են Բագրատ Սրբազանի շարժմանը հասնել հաջողության:
Այդ հանգամանքներն այս պահին կարծում եմ առավելապես տեղեկատվա-քարոզչական գործունեության դաշտում են: Կարծում եմ դրանք իրավիճակի փաթեթային մասն են: Իր խորքում իրավիճակն ունի այլ տրամաբանություն: Կարծում եմ տեղեկատվա-քարոզչական դաշտում զարգացումները միտված են խորքում եղած զարգացումներից շեղել հանրային տրամադրությունները: Ես չեմ ասում, որ խորքում կա միասնականություն, մոնոլիտ վիճակ, սակայն խորքում առնվազն այլ բնույթի քննարկումներ են քաղաքական դերակատարների միջև, սակայն դրանք մակերևույթ դուրս են գալիս նման տեղեկատվա-քարոզչական դրսևորումներով: Կարծում եմ ընդհանուր առմամբ, դրանք որոշիչ գործոններ չեն, այլ ընդամենը ածանցյալ հետևանքներ:
Ի՞նչ ի նկատի ունեք` ասելով «այլ բնույթի քննարկումներ խորքում»:
Կարծում եմ` խոսքը գործընթացի մեջ ներգրավված քաղաքական դերակատարների իրական հարաբերությունների մասին է: Դրանք այս գործընթացում ռեսուրսային դերակատարում ունեն: Ռեսուրսային ասելով ի նկատի չունեմ միայն ֆինանսական դերակատարումը, թեպետ դա շատ կարևոր է քաղաքական գործընթացների ժամանակ: Խոսքը տվյալ դեպքում հանրային, մեդիա և այլ ռեսուրսների տիրապետման մասին է: Դրա համար եմ ասում, որ իշխանափոխության հասնելու բարձրաձայնված նպատակի իրատեսականությունը կախված է նրանից, թե այդ գործընթացում որքան բարձր կլինի այդ ռեսուրսային տարբեր սեգմենտների համադրվածությունը կամ ներդաշնակությունը:
Կարծում եմ դրա մասին են ներքին քննարկումները: Կարծում եմ հաշվի են առնվում նաև արտաքին միջավայրում առկա իրողությունները: Լայն իմաստով կարծում եմ այս պահին իշխանության փոփոխության ձևավորված կոնյունկտուրա գոյություն չունի: Այլ հարց է, թե արդյոք Հայաստանում արտաքին աշխարհից եկած մարտահրավերները կարող են բերել նրան, որ իշխանությունը կարող է դիտարկել դրանց որևէ արտահերթ ընտրական գործընթացի միջոցով դիմակայելու սցենար: Այս տարբերակն է, որ այսօրվա դրությամբ կարող է պարունակել որևէ ինտրիգային հանգամանք:
Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել` անկախ ամեն ինչից Հայաստանի համար շատ կարևոր է, որ լինի ներքին դիմադրության գործընթաց: Այսօրվա դրությամբ, մենք տեսնում ենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է, որ ի վիճակի է ապահովել այս գործընթացը: Տեսական դաշտում գուցե հարյուր տարբերակ կարելի է մտածել, սակայն գործնականում այսօր միայն այս Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն է, որ կարող է այդ դիմադրությունն ապահովել: Ընդհանուր առմամբ, սա իմ գնահատմամբ, Հայաստանի համար նվազագույն անհրաժեշտություն է, և սրա մասին ես ասում եմ դեռևս այն ժամանակից, երբ սրբազանը Տավուշից երթով շարժվում էր Երևան:
Սրան զուգահեռ կա մյուս գործընթացը: Մի շարք եվրոպամետ ուժեր Հայաստանում ստորագրահավաք են սկսել, որոնց նպատակն է օրենսդրական մակարդակում, այն է` Ազգային ժողովի ներգրավմամբ, հասնել Հայաստանի արտաքին վեկտորը դեպի Արևմուտք կամ ԵՄ ուղղելու նպատակին: Սա անգամ իշխանությունը, որին մեղադրում են պրոարևմտյան լինելու մեջ, համարում է ժամանակավրեպ: Ուստի հարց է ծագում, ո՞րն է այս նախաձեռնության նպատակը, արևմտյան կողմնորոշում ունեցող էլեկտորատի կապիտալիզացիան 2026-ի ընտրություններին ընդառաջ:
Կարծում եմ առանցքային նպատակը և հաշվարկը դա է: Այսինքն չորս ուժեր միավորվել և ձևավորել են բլոկ: Նպատակ կա, այդ դաշինքի քաղաքական օրակարգի ողնաշարը ձևավորել առավելագույն հասարակական, ընտրազանգվածային աջակցության ակնկալիքով: Որպես գլխավոր օրակարգ իրենք ընտրել են Եվրամիության անդամակցության թեման: Գլխավոր շարժառիթը սա է: Արտահերթ թե հերթական ընտրություններով, կդժվարանամ ասել: Թեպետ հերթական ընտրություններն էլ սարերի հետևում չեն, ըստ էության 2025 թվականը նախընտրական տարի է արդեն դառնում շատերի համար:
Իսկ բուն իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպե՞ս է դիրքավորվում ընտրություններից առաջ: Մի կողմից կա Բագրատ Սրբազանի շարժումը, մյուս կողմից եվրոպամետ ուժերն են Եվրամիությանն անդամակցության օրակարգով:
Կարծում եմ իշխանությունը դեռևս կողմնորոշված էլ չէ, թե ինչ օրակարգով կգնա ընտրությունների: Կարծում եմ այդ հարցում ազդեցություն են ունենալու իհարկե մի շարք ներքին և արտաքին գործոններ, սակայն վճռորոշ և թիրախային են լինելու երկու հանգամանք: Դրանք Վրաստանում և ԱՄՆ-ում սպասվող ընտրություններն են և դրանցից հետո ստեղծվող իրավիճակը: Սրանք առանցքային են լինելու Հայաստանի իշխանության վարքագծի հետագա հայեցակարգի իմաստով: Այժմ, քանի դեռ անորոշությունները շատ են, իշխանությունը փորձում է աշխարհաքաղաքական բոլոր բևեռներից հավասարահեռ հեռավորության վրա դիրքավորվել: Ավելի առարկայական և ուղենիշային գործողությունները կլինեն այդ արտաքին գործընթացների ավարտից կամ դրանց արդյունքների առկայության դեպքում:
Եկեք այդ պարագայում երկու սցենար դիտարկենք: Մեկը` Վրաստանում կգա իշխանության ընդդիմությունը, իսկ ԱՄՆ-ում դեմոկրատական թևից Քամալա Հարիսը կընտրվի նախագահ: Իսկ մյուսը, Վրաստանում իշխանության կմնա գործող վարչակարգը, իսկ ԱՄՆ-ում իշխանության կգա Դոնալդ Թրամփը: Ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի իշխանության գործողություններն այս երկու սցենարների պարագայում:
Առաջին սցենարի պարագայում, Հայաստանի վրա արևմտյան ճնշումն ավելի մեծ է լինելու: Ուստի իշխանությունն ավելի շատ հակված է լինելու թեքվել դեպի այդ կողմ, քանի որ դրան ուժով դիմակայելու ռեսուրս Հայաստանի իշխանությունը չունի: Չնայած դա լինելու է մեծ ռիսկ Հայաստանի համար, բայց կարծում եմ` ավելի շուտ կլինի դեպի Արևմուտք դիրքավորումը: Կփորձեն ավելի դուր գալ Արևմուտքին:
Երկրորդ սցենարի պարագայում Հայաստանի մանևրի հնարավորությունը կմեծանա, և այս պարագայում առաջին սցենարի տրամաբանությամբ աշխատելը կնշանակի երկիրն ուղղակի դնել թիրախի տակ: Ավելին ասեմ, նույնիսկ եթե ԱՄՆ-ի ընտրություններում հաղթեց Քամալա Հարիսը, սակայն Վրաստանում գործող վարչակարգը պահպանեց իր դիրքերը, միևնույն է Հայաստանի համար ավելի ուղենշային պետք է լինի հենց այդ հանգամանքը:
Իհարկե ԱՄՆ-ն և Վրաստանը լրիվ տարբեր քաշային կատեգորիաների երկրներ են, սակայն Վրաստանը Հայաստանի կողքին է և մեծ ազդեցություն ունի որպես գործոն: Ուստի Վրաստանի հանգամանքն ավելի շատ է հաշվի առնվելու: