VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում գործընթացներ են խմորվում ոչ միայն ՀԷՑ-ի, այլեւ «Վեոլիա ջրի» դեմ։ Անցած շաբաթ կուսակցական հավաքի ժամանակ, երբ քննարկվում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած ոլորտը, մի քանի շարքային ՔՊ-ականներ, մեր աղբյուրի տպավորությամբ, կազմակերպված բողոքել են հաճախակի դարձած հոսանքազրկումներից եւ ջրանջատումներից: Ոմանք ուղիղ խոսել են այս ոլորտներում տիրող մենաշնորհի մասին, իսկ ՀԷՑ-ի դեպքում` ՌԴ քաղաքացու պատկանելու, եւ առաջարկել են այդ ոլորտները պետական կառավարման հանձնել։ Բայց ներկաներից ոմանք կողմ են արտահայտվել մասնավորի կառավարմանը՝ կարծիք հայտնելով, որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն, եւ անգամ չենք ունենա այն, ինչ այսօր ունենք: Բայց թեման իր «տրամաբանական» ավարտին չի հասել, եւ միասնական տեսակետ չի ձեւավորվել։
Ինքը` Փաշինյանը, ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց: Իսկ հոսանքազրկումների վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ դա պայմանավորված է արեւային կայանների արտադրած էներգիայով, որը մտնում է ՀԷՑ, նոր բաշխվում, երբեմն հոսանքի ավելցուկի պատճառով սարքերը չեն դիմանում, ու այդ պատճառով էլ հոսանքազրկումներ են լինում։ Այդուհանդերձ, թեման հաջորդ օրերին արդեն դարձրին հանրային քննարկման հարց` ՔՊ-ի «քաղհասարակությունը»` ի դեմս Դանիել Իոաննիսյանի, միացավ արշավին, ապա ՔՊ-ի ՄԻՊ-ը եւ մի խումբ օգտատերեր սկսեցին գրառումներ անել ՀԷՑ-ի դեմ պայքար սկսելու մասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, եւ այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, եւ արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:
Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից եւ սփյուռքից: Որոշվել է նաեւ հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաեւ նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Հայաստանում նա ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանը արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ հավաստիացրել է, թե ինքը գիտի բոլոր խնդիրների լուծումները, եւ իր շուրջ կոնսոլիդացիայի դեպքում՝ կարող է շատ հարցեր լուծել։ Այլ կերպ ասած՝ Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է Հայաստանում տեղահանված արցախցիների առաջնորդ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արցախցի պատգամավորները հայտնեցին, որ Բաբայանի առաջարկը մերժվել է արցախցի շատ պատգամավորների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի հետ, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է. վերջինս նախ վրդովվեց մեր հնչեցրած հարցից, հետո վստահեցրեց՝ Սամվել Բաբայանի կողմից արված կոմիտե ստեղծելու առաջարկը կապ չունի ընտրությունների հետ, պարզապես տեղահանված արցախցիների խնդիրների լուծման նպատակով է առաջարկվել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին, որը 3 օր է տեւել, մեկնարկն օգոստոսի 18-ին էր՝ Չիկագոյում, պարզվում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցից բացի, մասնակցել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Եթե հայաստանյան ընդդիմադիրները մասնակցեին ՌԴ-ի իշխող քաղաքական ուժի համագումարին, պատկերացնո՞ւմ եք, թե ՔՊ-ականներն ինչ որակումներ կտային` է՛լ ՌԴ գործակալներ, է՛լ ռսաճորտեր, է՛լ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու կողմնակիցներ։ Ի դեպ, բյուջեի հաշվին ՔՊ-ականների ԱՄՆ մեկնելն ու Քամալա Հարիսի առաջադրման համագումարին մասնակցությունը միանշանակ չի ընդունվել ՔՊ թիմում: Ոմանք կարծում են, որ չէր կարելի նման մասնակցությամբ նախապատվություն տալ ամերիկյան ընտրություններում հակամարտող ուժերից մեկին, երբ հայտնի չէ, թե ընտրությունների արդյունքներով ով կստանձնի իշխանությունը։
Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու մասին։ ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ, ի դեպ, այս այցի վերաբերյալ նշվում է․ «Առաջնորդության միջազգային ֆորումին մասնակցելու համար 2024 թ. օգոստոսի 18-ից 23-ը Չիկագո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել» ԱԺ հիշյալ պատգամավորներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք գրել էինք, որ ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համալիրի ղեկավարությունը նախ մերժել է մեծ դահլիճը տրամադրել, ապա առաջարկել է փոքրը, իսկ մի քանի օր անց նաեւ դրանից է հրաժարվել՝ չեղարկելով ձեռք բերված համաձայնությունը եւ անգամ կնքված պայմանագիրը։ Միջոցառման կազմակերպիչներին փոխանցել են, թե իբր նախնական այլ պայմանավորվածություններ ունեն։ Մենք տեղեկացանք, որ համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում, ՀՅԴ-ն բանակցում է այս հարցով: Կգա՞ն արդյոք համաձայնության «Դվինի» սեփականատիրոջ հետ, դեռեւս հայտնի չէ։ Նույն օրը նաեւ Բագրատ սրբազանն է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու, որը նույնպես նվիրված կլինի Արցախի անկախության օրվան։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում տնտեսագետները գնալով ավելի հաճախ են ահազանգում, որ այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, համաձայն լինելով նման կարծիքի հետ, կարծում է, որ դրա համար մի քանի պատճառ կա: «Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանը պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ, նվազագույնը, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմել:
Դրա համար նրանք առաջին հերթին փորձում են իմպերատիվ ակտերի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ Աուդիտորների պալատի նախագահի, մյուս պատճառն այն է, որ այս իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Եվ գործարարների հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն»,-ասում է Նաիրի Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։ «Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը), ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձեւակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։ Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում…. Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100 կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին շատերն են արձանագրում, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, իսկ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պարզաբանումներն ավելի մեծ շփոթություն են առաջացնում։ Առողջապահության նախարարությունն օգոստոսի 19-ին հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվն արդեն 75 էր։ Ընդ որում, կենտրոնը պնդում է, որ Արևմտյան Նեղոսի տենդից մեկ մարդ է մահացել, որոշ լրատվամիջոցներ նշում են, թե զոհերի թիվը չորսն է։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանն օրերս ասուլիս էր տվել, որը չփարատեց հանրության վախերն ու կասկածները։ Եթե դեռ հուլիսի վերջին Արագածոտնի մարզում հայտնաբերվել էր տենդի հարուցիչը 5 մոծակների մոտ, ինչո՞ւ հանրությանն այդ մասին չէին տեղեկացրել։ Որտեղի՞ց է վարակը հայտնվել Արագածոտնի մարզում, երբ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդ չի հայտնաբերվել։ Եվ ինչո՞ւ է առողջապահության նախարարությունն ակնարկում, որ տենդը կարող է հայտնվել նաև Արմավիրի և Արարատի մարզերում։ Մինչ պատկան մարմինները գաղտնի էին պահում տեղեկությունը, վարակն արագորեն տարածվել էր՝ վարակելով միանգամից 58 մարդու։ 41-ին տեղափոխել էին հիվանդանոց։ Նրանցից 4-ի վիճակն, ի դեպ, ծայրահեղ ծանր էր գնահատվել։
Ինչո՞ւ է այս տենդով Հայաստանում հոսպիտալացված հիվանդների կեսի մոտ գլխուղեղի ախտահարում աշխտորոշվել, մինչդեռ սովորաբար այս հիվանդությունը 80 տոկոս դեպքերում առանց ախտանշանների է, իսկ նյարդային համակարգի ախտահարումներ, այդ թվում՝ մենինգիտ և էնցեֆալիտ, նկատվում են ոչ ավելի, քան 1 տոկոս դեպքերում։ Եվ ամենագլխավորը՝ ինչո՞ւ չի քննարկվում Արևմտյան Նեղոսի տենդի արհեստական տարածման վարկածը, երբ այս վարակը Հայաստանի համար երբեք բնորոշ չի եղել, զանգվածային հիվանդացություն չի առաջացրել։ Եվ ոչ ոք չի էլ փորձում հարց տալ այս միջադեպին Հայաստանի տարածքում գտնվող Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների մեղսակցության մասին։ Երկար տարիներ բազմաթիվ փորձագետներ ահազանգում են այդ լաբորատորիաների, դրանցից բխող հնարավոր վտանգների մասին։ Իսկ ՀՀ իշխանությունները և, բնականաբար, ամերիկյան կողմը համառորեն հրաժարվում են հանրությանը ծանուցել, թե ինչով է զբաղված մեր երկրում այդ կառույցը։
Եվ, ի վերջո, ինչո՞ւ են լռում Արևմտյան Նեղոսի տենդի մասին փորձագետները, բժիշկները, ոլորտի մասնագետները, ինչո՞ւ խնդրի վերաբերյալ մանրամասն եզրակացություն չեն պահանջում, չեն վերհանում ռիսկերը։ Չէ՞ որ խոսքը հենց ՀՀ ազգային անվտանգության մասին է, և բոլորը պիտի շահագրգռված լինեին այս մասին առավելագույնս բաց ու թափանցիկ խոսակցություն վարելու։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ԱԳՆ-ն մի պարզաբանում է հրապարակել, որը, եթե շատ դիվանագիտորեն արտահայտվենք, ինչ-ինչ դիտարկումների տեղիք է տալիս: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրը կամ բողոքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն բացատրում է, որ եվրոպական երկրները ճիշտ են վարվում, որ արգելում են, քանի որ ՀՀ տվյալ քաղաքացիները դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացնում են բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է:
Ստացվում է, որ ՀՀ տվյալ քաղաքացիները «անտեղյակ-միամիտներ» են, որ կարծում են, թե Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալու դեպքում կարող են ազատորեն մուտք գործել (մեկնել, անցնել) նույն համաձայնագրի մեկ այլ երկիր: Սկզբունքորեն, «շենգենյան երկրի վիզայի» ամբողջ իմաստը դա է: Ավելին, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները «պակաս հավասար են, քան մյուսները», այսինքն՝ պարտավոր են երկար-բարակ ներկայացնել, թե էլ որ երկիր (երկրներ) են մտադիր մեկնել, որ հյուրանոցում են պատրաստվում իջևանել, նախաճաշին ինչ են ուտելու, արդյոք կռուասանի համար վճարելու փող ունեն և այդպես շարունակ:
Հարկավ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն էլ ծանոթանալ ԱԳՆ պարզաբանման մանրամասնություններին ու պատկերացում կազմել: Բայց, այ, թե ինչն է շատ ավելի հետաքրքիր: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն, փոխանակ պաշտպանի իր երկրի քաղաքացիների շահերը, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու «դաս տալիս»: Այստեղ ոչ պակաս խորքային հարցեր կան: Փաշինյանական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի կենսական տարածքները թշնամուն հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամալու դիմաց հանրությանը «կերակրում» էր թեզերով, թե՝ «փոխարենը Եվրոպայի հետ կընկերանանք, առանց վիզա կգնանք եվրոպաներ...» ու նման բաներ:
Որոշ շարքային նիկոլականներ կենցաղային խոսքուզրույցի ժամանակ այդպես էլ ասում են. «Ձեզ պե՞տք էր էդ Ղարաբաղը, մի կերպ դրանից պրծանք, զատո հիմա Փաշինյանը վիզաների ազատականացում կանի, ազատ կգնանք Եվրամիության երկրներ»: Նրանք, որ ապրում են վիրտուալ Հայաստանում, միգուցե գոհ ու երջանիկ են:
Իսկ «գետնի վրա» ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, Հայաստանի կենսական ու անվտանգային շահերի հաշվին կտրուկ շրջադարձ կատարելով դեպի Արևմուտք ու ԵՄ, վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ: Դուրս է գալիս, որ Փաշինյանն ու նրա իշխանությունները ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են, ինչ խնդրով զբաղվում են, այն վերածում են գերխճճված թնջուկի: Որպես հետևանք՝ տուժում ու անախորժությունների մեջ են ընկնում Հայաստանի քաղաքացիները: Այդպես էլ ուզում ես ասել նրանց՝ կլինի՞, որ դուք ոչ մի բանի «ձեռք չտաք»: Ախր, ինչի դիպչում եք, չորանում է:
Հա, իսկ վիզաների ազատականացումը, հիշեցնենք, ամենևին էլ մի քանի օրվա ու մի քանի ամսվա հարց չէ, այլ տարիների, նույնիսկ շատ տարիների: Եթե, իհարկե, դա երբևէ հնարավոր լինի...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչեւ տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի Երեւանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետեւ 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD Հունաստանի խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես ԵԽ TACIS ծրագրի Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ. ծրագրի շրջանակում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում: 1993-1995 թվականների զբաղեցրել է Olympia, Inc. (U.S.A.)-ի, Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը:
Նույն՝ 1995-ից մինչեւ 1997 թվականները Դավոյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի թարգմանիչն է եղել: 2001-ից 2008 թվականներին նա նաեւ զբաղվել է դասավանդմամբ. Մոսկվայի պետական տուրիզմի եւ սերվիսի համալսարանի Երեւանի մասնաճյուղի ավագ դասախոս է եղել, դասավանդել է անգլերեն, «Մարդու պահանջմունքներ եւ կապ հասարակայնության հետ» (PR) առարկաները: Կարինե Դավոյանը 2013-2018 թվականներիին եղել է Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության գործադիր տնօրեն, այնուհետեւ 2018-2019 թվականներին Հայաստանի տուր օպերատորների եւ տուր գործակալների ասոցիացիայի հիմնադիր, իսկ 2019-ից մինչեւ 2023 թվականները՝ «Ալիք մեդիա Հայաստան»-ի միջազգային լուրերի թարգմանիչ:
Վարչապետի օգնականը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 25-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում Երեւանում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը եղել է ժառանգություն 2015 թվականից: Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է: Դավոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, սակայն հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 427 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 541 հազար դրամ, որից 8 մլն 972 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 568 հազար դրամը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը»: