10.10.2024
Օ’Բրայենի «անկեղծությունը»
prev Նախորդ նորություն

«Պատկերացնու՞մ եք` ինչով կավարտվեր 2020-ի պատերազմը, եթե ռուսները չկանգնեցնեին այն»

ԱՄՆ Լիհայ համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստանի հետևողական հեռացման և Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունն անվանում է «անխոհեմ շրջադարձ»: Այն, ըստ քաղաքագետի, կունենա հեռուն գնացող հետևանքներ Հայաստանի համար, քանի որ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը վկայում է, որ Մոսկվան դժվար թե անվրդով խոնարհությամբ վերաբերվի այս զարգացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ VERELQ-ը զրուցել է Արման Գրիգորյանի հետ:


Պարոն Գրիգորյան, The National interest-ում տպագրված Ձեր հոդվածում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների խորացումն անվանել եք` «Հայաստանի անխոհեմ շրջադարձն Արևմուտք»: Ինչո՞ւ: Այս հարցն ուղղում եմ այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունն Արևմուտքի հետ մերձեցման և ՌԴ-ից հեռանալու գործընթացը ներկայացնում է, որպես «ստիպողաբար» արված քայլ, քանի որ ՌԴ-ի տված անվտանգության երաշխիքները, ըստ ՀՀ իշխանության, չաշխատեցին:


Դա ոչ այլ ինչ է, քան կեղծիքի ու կասկածելի ենթադրությունների վրա հիմնված պրոպագանդա։ Դա այն ստերից կամ լավագույն դեպքում կիսաճշմարտություններից է, որ ճշմարտության կարգավիճակ է ձեռք բերել, որովհետև ա) շատ կրկնվել է; բ) պատվերով հանրային կարծիք ձևավորող «վերլուծաբանների» ու «քաղաքագետների» մի ամբողջ բանակ է աշխատում դա կոնսենսուսային տեսակետի վերածելու ուղղությամբ։ Պետք է արժանին մատուցել այդ մարկանց, քանի որ նրանք բավականին լուրջ հաջողություններ են գրանցել այդ ուղղությամբ, բայց դրանից այդ պնդումները պակաս զավեշտական չեն դառնում։


Իսկ հիմա ըստ էության։ Ո՞ր երաշխիքների մասին է խոսքը։ Ռուսաստանը երբևէ երաշխի՞ք էր տվել, որ մեզ աջակցելու է 1994 թ.-ի զինադադարից հետո ստեղծված ստատուս քվոն սառեցնելու մեր մտադրության մեջ։ Երաշխի՞ք էր տվել, որ մեզ աջակցելու է անկախ մեր վարքագծից ու այն բանից, որ իրենց շահերը բացարձակապես չէին ենթադրում աջակցություն նման վարքագծին։ Չէր տվել։ Ճիշտ հակառակը։ Տարիներ շարունակ ռուսները մեզ ասել են, որ այդ ստատուս քվոն չի կարող հավերժացվել, ասել են անդադար ու առանց այլևայլության։ Մեզ առաջարկել են դե ֆակտո վերահսկողություն Արցախի ու Արցախը Հայաստանի հետ կապող տարածքների վրա իրենց երաշխիքով, բայց հորդորել են վերադարձնել 5 շրջանները։ Բանը հասավ նրան, որ ռուսները պատերազմից առաջ մեզ բաց տեքստով մեղադրեցին բանակցային գործընթացը տորպեդահարելու մեջ։ Առանց նրանց սպառնալիքների էլ շատ մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չէին հասկանալու համար, որ Ռուսաստանը բացարձակապես որևէ շահ չուներ մեզ անվերապահ աջակցություն ցույց տալու և ի դեմս Ադրբեջանի նոր Ուկրաինա կամ Վրաստան ստանալու։ Նրանց մերձեցումը Թուրքիայի հետ նույնպես պիտի ազդանշան լիներ մեզ համար, որ մենք չենք կարող Ռուսաստանից անվերապահ աջակցություն ակնկալել Արցախում ստատուս քվոն սառեցնելու հարցում։ Բազմաթիվ փաստեր կան նման զգուշացումների ու վերլուծությունների, այդ թվում առաջին նախագահի կողմից, սկսած 2016 թ.-ից։ Բայց հոգ չէ, մենք շարունակում ենք ազգովին ու համարյա միաձայն աղմկել ռուսների կողմից ինչ-որ գոյություն չունեցող պարտականությունների չկատարման, դավաճանության, մեր թիկունքում արված գործարքների մասին` որպես 2020 թ.-ի պատերազմի ու դրա կատաստրոֆիկ արդյունքի բացատրություն։ Սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական ու այսքան անհեթեթ չլիներ։


Ես ուզում եմ նաև հետևյալ հարցը տալ երաշխիքների մասին նման պնդումներ անող մարդկանց. դուք գոնե պատկերացնու՞մ եք, թե ինչով կավարտվեր 2020 թ.-ի պատերազմը, եթե ռուսները չկանգնեցնեին այն։ Սկանդինավյան խաղաղապահների տեղակայմա՞մբ։ Ֆրանսիական ավիացիայի կողմից Ադրբեջանի ստրատեգիական օբյեկտների ռմբակոծմա՞մբ։ Ինչո՞վ։ Ախր սա չի կարող բանական տարաձայնության առարկա լինել։ Այն, որ մեծ թվով մարդիկ այս ակնհայտ հարցի ակնհայտ պատասխանը չեն ուզում տեսնել ընդամենը խոսում է այն մասին, որ մեր քաղաքակրթության ու մշակույթի հետ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։



Ձեզ կարող են հակադարձել հետևյալ թեզով` լավ ՌԴ-ն Արցախը պաշտպանելու դաշնակցային պարտավորություն չուներ, բայց չէ՞ որ 2022 թ.-ի աշնանը Ադրբեջանն արդեն խախտեց բուն Հայաստանի սահմանները, ինչը Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտականությունների տիրույթում է։


Ես դա շատ լավ գիտեմ։ Նախ սկսենք նրանից, որ այս հակահարվածը հավասարազոր է ընդունելուն, որ պատերազմի` ռուս-թուրքական գործարքի հետևանք լինելու, ռուսների կողմից մեզ դավաճանելու, իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու մասին պնդումները կառուցված են ավազի վրա։ Բայց այդ պնդումների հեղինակներն, իհարկե, դա չեն ընդունելու։ Նրանք նախընտրում են թեման փոխել։ Հիմա անդադառնանք այդ հակահարվածին։ Պատերազմից հետո Ռուսաստանի վարքագծի մասին պնդումներ անող մարդիկ որևէ կերպ չեն ուզում անդրադառնալ այն փաստին, որ Փաշինյանի կառավարությունը զինադադար ստորագրելուց հետո ձեռնամուխ եղավ երեք գործընթացի` ա) պատերազմի ու դրա ելքի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա (ի թիվս այլ քավության նոխազների) ուշադրությունը Փաշինյանի խայտառակ դիվանագիտությունից շեղելու և նրան պատասխանատվությունից պատսպարելու ակնհայտ մտադրությամբ, իսկ դա չէր կարող չգրգռել ռուսներին; բ) ձգձգել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի զինադադարով ստանձնած պարտավորությունների կատարումը – պարտավորություններ, որոնց երաշխավորը Ռուսաստանն էր; 3) հատկապես Ուկրաինայում պատերազմի էսկալացիայից հետո Ադրբեջանի հետ բանակցությունների համար Արևմուտքում հարթակներ փնտրելն ու ընդհանրապես` երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելու ավելի ու ավելի տեսանելի դարձող քաղաքականության որդեգրումը։ Այնպես որ, գոնե ինձ համար բոլորովին ակնհայտ չէ այն ենթադրությունը, որ մեր վարքագիծը եղել է անբիծ ու ռուսներն են ամեն քայլափոխի այդ ոտնահարել իրենց դաշնակցային պարտավորությունները։


Սովորաբար իմ այս փաստարկներին երկու լրացուցիչ հակափաստարկ է ներկայացվում։ Նախ, որ մեր դատն արդար է, հետևաբար, ռուսները (և ոչ միայն) պետք է մեր կողքին կանգնեին, և երբ ես խոսում եմ նրանց շահերի ու մեր դատի անհապատասխանության մասին, ես տուրք եմ տալիս ցինիզմին ու մոռանում արդարության ինչ-որ սկզբունքների մասին։ Երկրորդ, որ եթե նույնիսկ մեր դատի արդար լինել-չլինելու մասին մոռանանք, մեր շահերը ենթադրում էին նման վարքագիծ, և հետևաբար ռուսների հերն էլ անիծած։ Առաջին հակափաստարկին նույնիսկ դժվար է առանց սարկազմի պատասխանելը։ Ընդամենը ասեմ, որ աբխազների դատն էլ էր արդար, բայց նույնիսկ մեր մտքով չանցավ աբխազներին տալ այն, ինչ մենք տարիներ շարունակ պահանջում էինք ռուսներից ու մյուսներից։ Ինչ վերաբերում է երկրորդ հակափաստարկին, ապա դա մեր իրականության մեջ չափազանց խորը արմատավորված մի տրամաբանական սխալի հերթական դրսևորումն է. մասնավորապես, իմ որոշ քննադատներ ոչ մի կերպ չեն կարողանում տարբերակել իղձերը շահերից և չեն ուզում հասկանալ, որ երբ ես ասում եմ ռուսների հետ հարաբերություններում այս կամ այն բանն անելը ողջամիտ չէ, ես որևէ կերպ չեմ պնդում, որ ռուսների դիրքորոշումներն ինչ-որ վերացական առումով ճիշտ կամ արդար են, իսկ դրանց հետ չհամընկնող մեր իղձերը` ոչ։ Ոչ էլ հակառակն եմ պնդում։ Ես ընդամենը պնդում եմ, որ երբ իղձերդ հակադրվում են մեկ ուրիշ երկրի իղձերի հետ, կոշտ դիրքորոշումներն ու առճակատումից չխուսափելը կարող են հանգեցնել ոչ թե քո իղձերի իրականացմանը, այլ դրա ճիշտ հակառակ արդյունքին, հատկապես եթե ուժերդ բավարար չեն դրանց հասնելու համար և եթե որևէ այլ տեղից աջակցություն չունես։ Այդ պարագայում քո իսկ շահերից է բխում իղձերդ խմբագրելը։ Իսկ մեր ուժերը հաստատ բավարար չեն ռուսների հետ առճակատման քաղաքականության համար, անկախ այն բանից, թե որքան տհաճ է մեզ համար ռուսների վարքագիծը։ Այլ տեղից աջակցություն էլ մենք նման վարքագծի համար չունենք։ Խնդրում եմ այստեղ չշփոթել քաջալերանքը աջակցության հետ։


Ամեն դեպքում, Հայաստանում շարունակում են մեղադրել ՌԴ-ին իներտության մեջ, քանի որ Մոսկվան չարձագանքեց Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի 2020 թվականի սեպտեմբերի հարձակմանն այնպես, ինչպես ակնկալում էին Երևանում:


Այս կապակցությամբ ուզում եմ հատուկ շեշտել մի բան։ Ես չեմ ժխտում, որ որոշ դեպքերում ռուսների ոչ բարեկամական վարքագիծը կամ նրանց իներտ պահվածքը, ոչ թե պատասխան էր մեր այս կամ այն քայլերի, այլ թելադրված էր այլ նկատառումներով ու գործընթացներով։ Մասնավորապես, շատ հավանական է, որ նրանց իներտ պահվածքը 2022 թ.-ի աշնանը գոնե մասամբ կարող էր թելադրված լինել Ուկրաինայում Թուրքիայի ու Ադրբեջանի դրական չեզոքությունը չվտանգելու հրամայականով։ Բայց այդ պարագայում, և ընդհանրապես, ռուսների հետ առճակատման վարքագիծ ընտրելը ռացիոնալ կարող էր լինել միայն մի դեպքում. եթե մենք ողջամիտ այլընտրանքներ, ինչպես նաև Ռուսաստանի հավանական հակազդեցությունից մեզ պաշտպանողներ ունենայինք։ Մենք նման այլընտրանք ու պաշտպաններ չունեինք և չունենք։ Մարդիկ, որոնք նման այլընտրանքների ու պաշտպանների գոյության մասին ճամարտակում են առավոտից իրիկուն, կամ բացարձակապես ոչինչ չգիտեն միջազգային հարաբերություններին մասին, կամ մեր հասարակությանը կերակրում են ստերով։


Շարունակելի

«ՀՀ-ն պարզապես չի զրկվելու ՌԴ-ի անվտանգության հովանոցից, այլ դառնալու է նրա հակառակորդը»
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները