22.11.2024
«Պատկերացնու՞մ եք` ինչով կավարտվեր 2020-ի պատերազմը, եթե ռուսները չկանգնեցնեին այն»
prev Նախորդ նորություն

«ՀՀ-ն պարզապես չի զրկվելու ՌԴ-ի անվտանգության հովանոցից, այլ դառնալու է նրա հակառակորդը»

VERELQ-ը ներկայացնում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ հարցազրույցի երկրորդ հատվածը: Հարցազրույցի առաջին մասում Գրիգորյանը խոսում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի` այն է՝ ՌԴ-ից դեպի Արևմուտք թեքվելու քաղաքականության վտանգավորության մասին: Երկրորդ մասում նա առավել մանրամասն ու օրինակներով է ներկայացնում գերտերությունների շահերի տիրույթն ու շարժառիթները Հայաստանի հետ հարաբերություններում:


Հարցազրույցի առաջին մասը` այստեղ:



Լուսանկարում Արման Գրիգորյանը (Լուսանկարը՝ Արման Կարախանյանի )


Պարոն Գրիգորյան, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել Ռուսաստանի հնարավոր պատասխան քայլերը Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղվածության դեպքում: Արդյո՞ք դա կարող է հանգեցնել լուրջ հակազդեցության, ինչպես եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում:


Ես նույնսիկ հարցի նման ձևակերպումն եմ խնդրահարույց համարում։ Հարցի ավելի ճիշտ ձևակերպումը պիտի լիներ` արդյո՞ք կարղ է դա չհանգեցնել Ռուսաստանի կողմից լուրջ հակազդեցության։ Բացագրեմ, թե ինչու։ Ռուսաստանը դեռևս 2008 թվականին կարմիր գիծ քաշեց բալթյան հանրապետություններից այն կողմ դեպի նախկին խորհրդային հանրապետություններ ՆԱՏՕ-ի ծավալման քաղաքականությանն ի պատասխան։ Կարմիր գիծն անցնում է նախկին ԽՍՀՄ սահմանով, բացի բալթյան հանրապետությունները։ Հիմա ես շատ մանրամասն չեմ քննարկելու դա արդարացի էր, արդարացի չէր, արդյո՞ք Ռուսաստանն իրավունք ուներ նման բան անելու, արդյո՞ք դա համատեղելի է միջազգային իրավունքի ու այդ տարածաշրջանի երկրների` սուվերեն որոշումներ կայացնելու իրավունքի հետ։ Պիտի կրկնեմ սակայն մի բան, որ անցյալում ևս տարբեր առիթներով ասել եմ։ Մեծ տերությունները միջազգային կամ որևէ այլ իրավունքի պահանջները հարգում են միայն եթե դրանք բխում են իրենց շահերից կամ եթե դրանք սպառնալիքներ չեն պարունակում իրենց շահերի դեմ։ Մնացած բոլոր դեպքերում կամ այդ իրավունքները խմբագրվում են նշված շահերին համապատասխանեցնելու տրամաբանությամբ, կամ, եթե դա հնարավոր չէ, իրավունքներն անտեսվում են։ Կրկնում եմ, դա անում են բոլոր մեծ տերությունները, և ռուսներն այդ հարցում շատ հեռու են ունիկալ լինելուց։ Սա հիմնավորելու համար անցյալում մի քանի անգամ որպես օրինակ եմ բերել Մոնրոյի դոկտրին կոչվածը, որն ԱՄՆ-ի դիրքորոշումը դարձավ 1820-ական թվականներից և որը ամերիկյան աշխարհամասում ԱՄՆ-ից բացի որևէ այլ երկրի ռազմաստրատեգիական ներկայության անթույլատրելիության մասին է։ Կարող եք նաև նայել, թե ինչպես են ԱՄՆ-ն ու Եվրոպական Միության` միջազգային իրավունքի մասին ամենաշատ գլուխ տանող երկրները 24-ժամյա ռեժիմով բռնաբարում միջազգային իրավունքն ու իրենց սիրած միջազգային նորմերը` Իսրայելի գործած զարհուրելի հանցագործություններն արդարացնելու և Իսրայելին համապատասխան հակազդեցությունից պաշպանելու համար։


Բայց շատ չշեղվեմ։ Անկախ նրանից, թե որքանով էր արդարացված Ռուսաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից, ռուսները ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում էին սպառալիք իրենց անվտանգությանը։ Այդ ընդլայնման առաջին ու երկրորդ փուլերը վիժեցնելու փորձ նրանք չարեցին, որովհետև այն ժամանակ նրանք դեռ բավականին թույլ էին; որովհետև, որքան էլ անցանկալի` Չեխիայի անդամությունը ՆԱՏՕ-ում նույնը չէր, ինչ Վրաստանինը կամ Ուկրաինայինը; և որովհետև դեռ հույսները չէին կորցրել, որ Արևմուտքի հետ կարող են լեզու գտնել այդ և այլ հարցերի շուրջ։ 2008 թվականին ռուսներն արմատապես փոխեցին իրենց դիրքորոշումը։ Նրանք արդեն բավականին ոտքի էին կանգնել Արևմուտքի հետ իրենց հարաբերություններում ատամներ ցույց տալու համար: Խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու արևմտյան այլ ինստիտուտներին համարում էին ոչ թե պարզապես սպառնալիք, այլ էկզիստենցիալ սպառնալիք, և հույսները կորցրել էին, որ առանց արմատական քայլերի կարող են կասեցնել այդ ընթացքը կամ որ ընդհանրապես կարող են լեզու գտնել Արևմուտքի հետ։ Սա է հիմնական բացատրությունը Վրաստանի և Ուկրաինայի պատերազմների։



Հայաստանի պարագան նույնքան զգայո՞ւն է ՌԴ-ի համար, Մոսկվան նույն գործիքակազմով է պատասխանելո՞ւ:


Վերադառնամ հարցի իմ ձևակերպմանը։ Եթե մենք գիտենք արդեն, որ ռուսները նման քաղաքականություն են որդեգրել և ապացուցել են, որ պատրաստ են նույնիսկ միջուկային էսկալացիայի ռիսկի Արևմուտքի ռազմաքաղաքական ներկայության շարունակվող ծավալումը կասեցնելու համար, ի՞նչը կարող է մեզ պատճառ տալ մտածելու, որ Հայաստանի պարագայում նրանք այլ կերպ են վարվելու։ Միակ բանը, որ նման կանխատեսման հնարավորություն կտար, Ռուսաստանի ենթադրյալ ուժասպառությունն ու Արևմուտքի զուգահեռ հզորացումը պիտի լիներ։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատ են նման պնդումներ անողները և Ռուսաստանի խորտակվող նավը լքելու ու Արևմուտքի գիրկը նետվելու քաղաքականության նպատակահարմարությունը դրանով արդարացնողները։ Բայց սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության կատարյալ խեղաթյուրում։ Նույն Արևմուտքում առավոտից իրիկուն խոսում են միաբևեռ աշխարհակարգի փլուզման ու Արևմուտքում զանազան խորը, համակարգային ճգնաժամերի մասին։ Նայում ես Հայաստանի լրատվական դաշտին, սակայն, ու տպավորություն ես ստանում, թե ժամանակը կանգ է առել 1992 թվականին։


Ինչ վերաբերում է այն հարցին, թե հատկապես ինչ կարող է անել Ռուսաստանը, ես չեմ ուզում դրան շատ մանրամասն պատասխանել։ Մի բան կասեմ միայն։ Հայաստանի պես փոքր ու խոցելի երկրի թևերը ոլորելու տարբերակներ Ռուսաստանի պես մեծ, ուժեղ ու շատ լուրջ տրամադրված երկիրը երևի կկարողանա գտնել։


Դուք նշում եք, որ Արևմուտքը չի կարող Հայաստանին տալ այն անվտանգության երաշխիքները, որոնք տալիս է Ռուսաստանը: Ի՞նչ այլընտրանքային անվտանգության մեխանիզմներ կարող է առաջարկել Արևմուտքը Հայաստանին՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը:


Եկեք նախ կոնկրետացնենք, թե ինչ նկատի ունենք անվտանգության երաշխիք ասելով, այլապես Հայաստանում հակված են Սամանթա Փաուերի` արցախցի փախստականների հետ ժինգյալով հաց թխելը դիտարկել որպես անվտանգության երաշխիք ու հանձնառություն։ Անվտանգության երաշխիքը նշանակում է ռազմական միջամտության ֆորմալ պարտավորության ստանձնում որևէ երկրի հանդեպ, եթե այդ երկիրը ենթարկվի ագրեսիայի։ Ռուսաստանը նման երաշխիքներ Հայաստանին տրամադրել է։ Մենք որոշակի բողոքներ ունենք այդ երաշխիքի արժանահավատության հետ կապված, կարող եմ նույնիսկ ընդունել, որ դրանք արդարացված են 2022 թվականի աշնան դեպքերից հետո։ Բայց այդ երաշխիքն ինչ խնդիրներ էլ ունենա, նախընտրելի է որևէ երաշխիքի ու անվտանգության համակարգի իսպառ բացակայությունից։ Հիմա, ինձ կարող են ասել` բայց Արևմուտքը կարող է այդ վակուումը լցնել ու տրամադրել Հայաստանին նման երաշխիք։ Երկու հարց։ Առաջին, որտե՞ղ եք տեսել նման մտադրության հստակ արտահայտություն։ Նորից եմ ասում, արցախցի փախստականների հետ ժինգյալով հաց թխելը հաշիվ չի։ Ոչ էլ հաշիվ են Մակրոնի զանազան հուզախառն հայտարարությունները կամ նույնիսկ զենք վաճառելու պատրաստակամությունը։ Ինչպես The National Interest-ում լույս տեսած հոդվածում էի պնդել, առանց երաշխիքների, առանց Ադրբեջանի ձեռքը բռնելու կարողության ու պատրաստակամության, այդ զենքը մեր գլխին իրականում կարող է փորձանք դառնալ։ Ես չեմ տեսել որևէ փաստ, որ Արևմուտքը պատրաստ է մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել, այսինքն` պայմանագրով ամրագրված ռազմական միջամտության հանձնառություն ստանձնել, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի։ Խնդրում եմ ձեր ընթերցողներին նաև մի հարցի մասին մտածել։


Երբ ՆԱՏՕ-ն որոշեց քննարկել Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումները Ուկրաինայում հակամարտության էսկալացիայից հետո, բավականին երկար ժամանակ պահանջվեց դաշինքի որոշ անդամների, մասնավորապես Թուրքիային, համոզելու համար, որ նրանք վետո չկիրառեն։ Ի՞նչ եք կարծում։ Թուրքիան ի՞նչ դիրքորոշում է ունենալու, երբ Հայաստանին նման երաշխիքներ տալու հարց դրվի սեղանին։ Թուրքիան համաձայնելու՞ է երաշխիքներ տրամադրել մի երկրի, որի անվտանգության նկատմամբ ամենամեծ սպառնալիքը հենց նույն Թուրքիան է, իսկ երկրոդ ամենամեծ սպառնալիքը` Թուրքիայի կրստեր եղբայր Ադրբեջանը։ Ընդդիմախոսները կարող են պնդել, որ պարտադիր չի այդ երաշխիքները տրամադրել ՆԱՏՕ-ի համակարգում։ Բայց այդ դեպքում, նորից նույն հարցն է ծագում. ինչի՞ վրա է հիմնված մեր լավատեսությունը, որ նման երաշխիքներ կարող էն տրամադրվել մեզ։ Ի վերջո, ԱՄՆ-ի դեսպանի հետ վերջերս ունեցած մի հարցազրույցի ժամանակ Հեղինե Բունիաթյանը խնդրեց մանրամասնել, թե ավտանգության բնագավառում ի՞նչ օժանդակություն է պատրաստ ԱՄՆ-ը հատկացնել Հայաստանին։ Տիկին դեսպանը խոսեց Հայաստանի զինված ուժերին զրահապատ շտապ օգնության մեքնենաներ տրամադրելու ու արցախցի փախստականների համար անգլերենի դասընթացներ կազմակերպելու մասին։ Իսկ մարդիկ, որոնք ֆրանսիացիներից են նման երաշխիքներ ակնկալում, պետք է բացատրեն, թե ինչպես է նման երաշխիքներ տրամադրելու մի երկիր, որը դժվարություն ունի թուրքերի հետ մրցակցելու Լիբիայում։ Սա է պրոպագանդիստական փրփուրից մաքրած իրականությունը։


Եվ երկրորդ հարցը։ Եթե սկսվի նման գործընթաց, այսինքն, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, խզի հայ-ռուսական փոխադարձ անվտանգության պայմանագիրը, պահանջի դուրս բերել 102-րդ բազան Հայաստանից, և թևակոխի արևմտյան անվտանգության համակարգի մեջ ինտեգրվելու փուլ, արդյո՞ք դա պարզապես լինելու է մի անվտանգության համակարգը մյուսով փոխարինելու խնդիր, հետևաբար ընդամենը դրանց հարաբերական առավելություններն ու թերությունները համեմատելու խնդիր։ Երիցս ոչ, որովհետև Հայաստանը պարզապես չի զրկվելու ռուսական անվտանգության հովանոցից, այլ դառնալու է Ռուսաստանի հակառակորդը, դրանից բխող խիստ անցանկալի հետևանքներով։ Թե ինչու է դա այդպես, արդեն փորձել եմ բացատրել նախորդ հարցին տրված իմ պատասխանում։



Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության՝ «կոմպլեմենտարության» քաղաքականությունից հրաժարվելու որոշումը: Արդյո՞ք հնարավոր է պահպանել հավասարակշռված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում:


Հավասարակշռված քաղաքականություն պահպանել նույն պարամետրերով, որոնք գոյություն ունեին ասենք մինչև 2022 թվականը, այսինքն` մինչ ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքով Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների ծայրահեղ սրումը, թերևս դժվար կլինի։ Դա նաև միայն մեզանից չի կախված։ Ես շատ երկար ժամանակ ունեցել եմ մտավախություն, որ կարող է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա լարվածությունը վերաճել լուրջ հակամարտության, իսկ երբ նման բան է տեղի ունենում հակամարտող կողմերը սովորաբար մյուսներին, հատկապես փոքր երկրներին ստիպում են կոշտ ընտրություն կատարել` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով։ Հիմա գուցե դեռ բանը դրան չի հասել, բայց այդ տրամաբանությունը որոշակիորեն նեղացրել է մեր նման երկրների մանևրի դաշտը։ Այնուհանդերձ, ես այսօր էլ Արևմուտքում լուրջ մասնագետների ու դիվանագետների հետ իմ շփումներում տեսնում եմ մի իրողության հստակ գիտակցում։ Արևմուտքը չի կարող կոմպենսացնել այն, ինչ Հայաստանը կկորցնի ներկա անվտանգության համակարգը լքելու պարագայում։ Հետևաբար, Հայաստանի առջև Արևմուտքը չի կարող շատ խիստ պահանջներ դնել։ Իհարկե, այս հարցում Արևմուտքում վերաբերմունքը միատարր չի։ Կան ուժեր ու մարդիկ, որոնք պատրաստ են Հայաստանի չափազանց ռիսկային ու կտրուկ «շրջադարձը դեպի Արևմուտք» քաջալերելու զուտ այն բանի համար, որ դա Ռուսաստանի համար նոր գլխացավանք կդառնա, առանց դրա հետևանքների համար անհանգստանալու։ Բայց դա իմ տպավորությամբ ճնշում չի, այլ հենց քաջալերանք, այն էլ ոչ շատ ինտենսիվ։ Հետևաբար, ինձ թվում է` կտրուկ շրջադարձի պատճառները ոչ թե Արևմուտքի կողմից գործադրվող ճնշումն է, այլ մեր հեղափոխականների նախանձախնդրությունը, որոնք պարզապես չեն կարող ապրել առանց մեծ, դարակազմիկ, գրանդիոզ պրոյեկտների, անկախ նման պրոյեկտների վտանգավորության աստիճանից։


Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրատեսական Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ երկրի տնտեսության և անվտանգության համար:


Եվրոպական Միությանը միանալու մեր հեռանկարներն ինձ բավականին մշուշոտ են թվում մի քանի պատճառով։ Նախ, երկրի տնտեսությունը բավականին հեռու է այն ստանդարտներից, որոնք անհրաժեշտ են այդ կազմակերպության անդամ դառնալու թեկնածության համար։ Երկրորդ, ճիշտ է Եվրոպական Միությունը ռազմական դաշինք չէ ու դրա ընդլայնմանը Ռուսաստանը նույն տագնապով չի վերաբերվում, ինչ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, բայց վերաբերմունքը նույնպես խիստ բացասական է, որովհետև ա)այդ կազմակերպության անդամությունը սահմանված է որպես այլընտրանք ԵԱՏՄ-ին; բ) դա սովորաբար փուլ է քաղաքական ինտեգրացիայի ճանապարհին։ Հետևաբար, այդ քաղաքականությունը նույնպես չի կարող չհանդիպել Ռուսաստանի կոշտ դիմադրությանը։


Հաճախ Ձեզ հարց են ուղղում արևմտյան ճամբարի ներկայացուցիչները կամ այսպիսի համբավ ունեցողները Հայաստանում: Եթե կարճ, ապա քննադատության իմաստը հետևյալն է` ինչպե՞ս կարող է մասնագետն ապրելով ու աշխատելով ԱՄՆ-ում` դեմ լինել Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձին: Ինչպե՞ս եք ընդունում այդ քննադատությունները, ինչպե՞ս կարձագանքեիք դրանց:

Դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ցանկություն չունեմ արձագանքելու մարդկանց մեղադրանք-հարցերին, որոնք կարծում են, որ տեսակետները պետք հարմարեցված լինեն այն բանին, թե ով է քեզ վճարում։ Նրանց կամ որևէ մեկի առջև արդարանալու կամ իմ շարժառիթները բացատրելու անհրաժեշտություն բացարձակապես չեմ զգում։ Բացի այդ, բոլորովին կարևոր չեն իմ շարժառիթները։ Կարևոր է իմ ասելիքը։ Եթե այն, ինչ ասում եմ, ճիշտ է, մնացածը նշանակություն չունի։ Եթե այն, ինչ ասում եմ, սխալ է, նույնպես նշանակություն չունի։ Կարելի է պարզապես մատնացույց անել, թե որտեղ է կաղում իմ ասելիքի տրամաբանությունը կամ փաստական հիմքը։ Մնացածը սպորտային հետաքրքրության ոլորտից է։