VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որեւէ կերպ չեն «վախենում» ընդդիմության պայքարից, փողոց դուրս եկող ժողովրդից, միեւնույնն է՝ իրենց ներսում շատ մտահոգ են: Ըստ մեր աղբյուրների՝ տեւական ժամանակ է՝ ՔՊ-ն քննարկում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել սեպտեմբերին, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, Բագրատ սրբազանն ասել է, որ սեպտեմբերի 10-ից սկսած՝ թեժ աշուն է սպասվում։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկել են, թե ինչ է պետք սպասել խոստացված «թեժ աշնանից», քանի որ նույն ժամանակահատվածում սկսվում են Ազգային ժողովի աշխատանքները։ Հիմա քայլեր, միջոցներ են ձեռնարկում ամեն բան այնպես կազմակերպելու, որ իրենց աշխատանքը աշնանը չխաթարվի, քանի որ Բագրատ սրբազանին հաջողվում էր փողոցներ փակել, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի մուտքերը, չնայած այն բանին, որ ոստիկանությունը փորձում էր ապահովել բնականոն աշխատանքը։ Իշխանությունն այդ մտավախությունն ունի եւ ձեռնարկում է քայլեր՝ վատ իրավիճակում չհայտնվելու համար։ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ այն իրավիճակն էր ստեղծվել, որ լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ շարժման մասնակիցներին ցրելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանը, փաստացի, այս պահին բարձիթողի վիճակում է։ Բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչները որոշել են միաժամանակ արձակուրդի գնալ՝ երկիրը թողնելով բախտի քմահաճույքին։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, թե բարձրաստիճան որ պաշտոնյան երբ է արձակուրդի մեկնել: Այսպիսով, թեեւ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն մարզեր է այցելում, տարբեր հանդիպումներ ունենում, մասնակցում ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի ընտրություններին, բայց, փաստացի, նա հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է։ Թերեւս աննախադեպ երեւույթ է, որ երկրի ղեկավարը, այն էլ՝ բազմաթիվ սպառնալիքների առջեւ գտնվող երկրի, շուրջ մեկ ամիս արձակուրդ վայելի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող Հայաստանում վարչապետից հետո երկրորդ քաղաքական դեմքն է, հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը արձակուրդում է: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ արձակուրդում էր եղել, երկրորդ անգամ է հանգստի գնացել՝ երկարացնելով արձակուրդային ժամանակը՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ։ Աշխատանքից հանգստանում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ստացվում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ժողովրդին նոր պատերազմի վտանգով են ահաբեկում, մյուս կողմից էլ հանգիստ սրտով, միաժամանակ արձակուրդի են գնում՝ երկիրը թողնելով առանց քաղաքական ղեկավարության: Թերեւս, եթե սա լիներ Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ խաղաղ կարգավիճակում գտնվող մի այլ երկրում, գուցե հասկանալի եւ ընդունելի լիներ, բայց նոր պատերազմի սպառնալիքի տակ գտնվող Հայաստանի դեպքում երկրի բարձրագույն ղեկավարության այս քայլը չունի որեւէ բացատրություն: Ի դեպ, ՀՀ նախագահն էլ օլիմպիական խաղերին հետեւելու համար Փարիզ էր մեկնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականը տհաճ անակնկալով սկսած, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 19-ին անդրադարձել էր Արմեն Ղուլարյանի հայտարարագրին եւ կատարել էր համալիր վերլուծություն՝ հստակ ընդգծելով Ղուլարյանի ֆինանսական միջոցներում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկը։ Այդ հրապարակումից գրեթե 2 շաբաթ անց Ղուլարյանը սկանդալային կերպով ազատվեց աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Արմավիրի եւ Լոռու մարզերի նորակառույց դպրոցներ այցի ժամանակ Փաշինյանն արձանագրել էր, որ դպրոցների կառուցումն արվել էր անորակ կերպով ու միաժամանակ` կասկածելի։ Օրինակ` 2000 դրամ արժեցող ցնցուղը գնվել էր 75 հազար դրամով։ Այս չարաշահման համար, կարծես, ոչ ոք չպատժվեց՝ բացի Ղուլարյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2021 եւ 2022 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն։ Արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցելու Արմեն Ղուլարյանից եւ նրա ընտանիքի անդամներից. սակայն դեռեւս չկան պաշտոնական տվյալներ, թե ինչ պարզաբանում է ներկայացրել Ղուլարյանը ԿԿ հանձնաժողովին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ մարմինները մտադրություն ունեն կարճելու Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։ Տեղեկությունը փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս փուլում նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում՝ ծեծում երեխային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Ի դեպ, երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ Իսկ, ահա, Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ.-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրելու ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին հայտնել էր Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը՝ նշելով. «Նա զղջում է կատարվածի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»: Չի բացառվում նաև, որ այս դեպքում էլ, գործուն զղջման հիմքով, գործը կկարճվի: Հետևենք զարգացումներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայացվող փաստաթղթերը ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության պետ Անդրանիկ Խալաթյանի հայտարարագրից են։ Ըստ փաստաթղթերի՝ Խալաթյանը 2021 թվականին գնել է «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ապա 2023 թվականին դրանք նվիրել է այլ անձանց։ Անհավատալի թվացող այս դեպքը հիշեցրեց ԽՍՀՄ ժամանակ լույս տեսած՝ «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը, որտեղ հերոսը` Յուրի Դետոչկինը, թեև գողանում էր այլոց ավտոմեքենաները, սակայն դրա վաճառքից առաջացած գումարը ամբողջությամբ փոխանցում էր մանկատանը։ Հ.Գ. Անդրանիկ Խալաթյանը ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանի աղջկա ամուսինն է։»: