25.11.2024
ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, վարչապետը չի խնայի անգամ յուրայիններին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու: Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձևավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձև մեկնաբանվեց. կա՛մ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կա՛մ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել:

Եվ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում: Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում: Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաև իր բերածներից ոմանց: Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, տեղի է ունենալու ԵԿՄ համաժողովը։ Ըստ էության, հենց այս համագումարի ժամանակ պարզ կլինի տարբեր կուսակցությունների, անհատների և դաշինքների պաշտպանող ԵԿՄ անդամների և համակիրների ճակատագիրը։ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը մնում է ՀՀԿ-ի կողքին։ Ամենադժվար հարցը՝ ԵԿՄ վարչության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցն է, որին, ըստ մեր տեղեկությունների, ուրբաթ օրը պետք է հեռացնեն Երկրապահից»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականից հետո այլեւս Երկրապահ կամավորականների միության անդամ չէ, բայց այս տեղեկությունը մեզ հետ զրույցում զգուշացավ հաստատել կազմակերպության խոսնակ Վարդան Վարդանյանը: «Ինձ համար անակնկալ էր այդ հարցը, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել դրան: Ես հիմա ԵԿՄ-ում չեմ, որ քարտադարանում ստուգեմ, թե արդյոք պարոն Օհանյանը կազմակերպության անդա՞մ է»,- երեկ մեզ հետ զրույցում խուսափեց պատասխանել Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2008թ., երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը դարձել էր ընդդիմություն եւ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իշխանությունների կողմից նրա նկատմամբ որոշակի ճնշումներ սկսվեցին: Այդ ճնշումներից մեկն էլ այն էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ մեկուկես տասնյակ համախոհներով հայտարարեց, որ լքում է ԵԿՄ-ն: ԵԿՄ-ում էլ, մեր տեղեկություններով, որոշում են կայացրել այդ խմբին հեռացնել կազմակերպությունից, քանի որ նրանք դուրս գալու մասին դիմում չէին ներկայացրել: Իսկ հետագայում, երբ Մ. Գրիգորյանը վերսկսեց համագործակցությունը իշխանությունների եւ Ս. Օհանյանի հետ, վերջինս ԵԿՄ-ում իր անդամությունը վերականգնելու համար նոր դիմում չի ներկայացրել: Եվ այդ ժամանակվանից նա ԵԿՄ անդամ չէ»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2016 թվականի ընթացքում Հայաստանից գնացած եւ Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 54 հազար 31 մարդ:

Այլ կերպ ասած, ավելի քան 54 հազար մարդ անցած տարի անվերադարձ հեռացել է Հայաստանից: Սա ըստ էության 2016 թվականի արտագաղթի թիվն է: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին այդ ցուցանիշը եղել է 47 հազար 676 մարդ, իսկ 2014-ին` 47 հազար 74 մարդ: Անցած տարվա արտագաղթի այսպիսի մեծ ցուցանիշը կարող է պայմանավորված լինել նախ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններով ինչպես նաեւ ամռանը` ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններով: Փաստորեն միայն վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 150 հազար մարդ կամ ՀՀ բնակչության 5 տոկոսը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նախընտրական այս շրջանում, երբ տարբեր կուսակցություններ մարզային գրասենյակներ են բացում, Օսկանյանի կուսակցությունը փակում է դրանք։ Սեյրան Օհանյանի վերջնական առաջադրումից հետո միայն պարզ կդառնա՝ նոր ֆինանսական միջոցներ կներդրվեն գրասենյակների վերաբացման համար, թե՞ ոչ»:

«Հրապարակ»-ի տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»: Ի դեպ, «Հրապարակ»-ի զրուցակիցը չբացառեց նաև, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2016 թվականը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերում մատնանշել է ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը:

Մինչդեռ իրականում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելն ընդամենը ձևական երևույթ էր. 2016թ. ընթացքում Ադրբեջանի կողմից ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև ՀԱՊԿ անդամ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների բազմաթիվ փորձեր եղան, ու թեև ռազմաքաղաքական այդ դաշինքը, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արձագանքել նման գործողություններին (ի դեպ, այդ մասին մի քանի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանն է խոսել ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մոտ դժգոհել), անգամ Հայաստանի նախագահության ընթացքում որևէ ծպտուն չլսվեց:

Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ դեռ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Ղազախստանի և Բելառուսի նախագահների պատճառով այդ հարցը հետաձգվում է անընդհատ: Ու այդքանից հետո ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերում, առնվազն ծիծաղելի է: Չնայած՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը 2016թ. ընթացքում այդպես էլ որևէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, այլ ընթացել է ձախողումների ճանապարհով, ամենափոքր դրական իրադարձությունն էլ կարելի է ձեռքբերում համարել: Նաև նախարարի՝ 2017-ի հունվարի վերջին օրը 2016-ի տարվա ամփոփում անելը»: