25.11.2024
ՀՀ նախագահ. Ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման
prev Նախորդ նորություն

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։

Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաև գիտական հարթությունում։

Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ։