25.11.2024
Մովսես Հակոբյան. Ադրբեջանի տարածքում կարող ենք խոցել ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահ. Ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը: Այս մասին Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

«Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ: Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ: Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը»,- հայտարարել է նա:

Մյուս կողմից, շարունակել է նա, մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների: Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլևս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը:

«Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր և փառավոր տարեգրությունը: Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում: Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ: Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք»,- ասել է երկրի ղեկավարը:

Ըստ Սերժ Սարգսյանի` մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը: Այսօրվա զինվորականներն ու զորակոչիկները, արդեն նոր կառույցների և սպառազինության պայմաններում, շարունակում են կատարելագործվել և զարգանալ, շարունակում են լինել Հայաստանի և Արցախի հուսալի վահանը: Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել:

«Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական և հոգեբանական պատրաստվածությամբ»,- հավելել է նա։

Նշենք, որ ՀՀ նախագահը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: