ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել մյունհենյան անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանի խոսքով, Հայաստանը չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, որի կոնտեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, սակայն դեռ հայտնի չէ, թե մինչ այդ ի՞նչ անակնկալներ կարելի է սպասել Բաքվից:
«Եռանախագահները առաջարկել են հանդիպում անցկացնել մյունհենյան կոնֆերանսի շրջանակում: Խոսքը եռանախագահների հետ և ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների մասին է: Մենք չենք հրաժարվում հանդիպումներից, բայց դեռ ոչինչ ասել չենք կարող, քանի որ չգիտենք, թե ինչ անակնկալներ կմատուցի Բաքուն մինչ այդ», - ասել է Նալբանդյանը:
Նա նշեց, որ բազմիցս է այդպես եղել, երբ պայմանավորվում են մի բան, սակայն հետո վերջին րոպեին ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ։
«Սա աբսուրդ է: Նախորդ անգամ Համբուրգում հայտարարեցին, թե հանդիպում չի կայացրել, չնայած՝ հանդիպում կայացել էր: Ասացին, թե հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Ի՞նչ տարբերություն, ճաշի ընթացքում էր, թե ոչ, ինչ է՝ ճաշի ժամանակ նստել էինք և չէ՞ինք հանդիպել, իրար չէի՞նք տեսել»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը դրանից չհրաժարվի:
VERELQ-ի հարցին, թե Ադրբեջանի կողմից Վիեննայի եւ Սանկտ-Պեետերբուրգի պայմանավորվածությունների չկատարման դեպքում, Հայաստանը շարունակելո՞ւ է մասնակցել բանակցություններին, երկխոսե հակամարտության կարգավորման շուրջ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.
«Իրենք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ չգիտեն, թե ինչպես դուրս գալ դրանից … Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը խոչընդոտում է, հրաժարվում է պայմանավորվածությունների կատարումից, հայտարարություններից, հանդիպումներից, բայց բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը, եռանախագահների հետ միասին շարունակում է ջանքերը ուղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրապնդման, որը կապահովի ԼՂՀ ժողովրդի իրավունքները, անվտանգությունը: Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները»:
Էդվարդ Նալբանդյանը նաև պատասխանեց հարցին, թե ի՞նչ փուլում են ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը հրաժարվում է կյանքի կոչել։
«Ադրբեջանն անում է այն, ինչ անում է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել ՀՀ և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ԼՂՀ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը հարցականի տակ դրեց ձեռքբերված պայմանավորվածությունները, աղավաղեց դրանք այն աստիճանի, որ եռանախագահները դա կոչեցին այլասերում: Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են Հայաստանն ու եռանախագահները: Սրանք միտված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղելուն»,– ասաց նախարարը: