27.11.2024
Վարչապետ. Ապահովել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը
prev Նախորդ նորություն

Իսպանիայի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, որևէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:

Նշվում է, որ փաստաթուղթը հեղինակել է «Ciudadanos» կուսակցությունը՝ բավարարելով Սաբադելի հայ համայնքի համապատասխան հայցը: Կուսակցության խոսնակ Ադրիան Էրնանդեսը նշել է, որ ողջունում են քաղաքային խորհրդում ներկայացված գործընկեր կուսակցությունների աջակցությունն այս հարցում, քանի որ դա թույլ է տալիս Սաբադելին միանալ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ պաշտոնապես ընդունած և դատապարտած այլ իսպանական քաղաքների ցանկին: