24.11.2024
Զանգեզուրի միջանցքը Իրանով չի կարող լինել. Վարուժան Գեղամյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ անակնկալ է պատրաստում սրբազանը․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Սրբազանը հայտարարել է մարզային այցեր կատարելու մասին, այդուհանդերձ, քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին։ Շարժման ակտիվը հայտարարել է, որ այդ օրը Բագրատ սրբազանը վճռորոշ ելույթով է հանդես գալու, որը փոխելու է իրավիճակը։ Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում․ ոմանք կարծում են, որ սրբազանը կոչ է անելու խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները, երկրում առաջացնել քաղաքական ճգնաժամ եւ հասնել արտահերթ ընտրությունների: Ոմանք կարծում են, որ ապագա կառավարության կազմն է հրապարակելու։ Կա նաեւ կարծիք, որ այդ օրը կհայտարարվի շուրջօրյա հավաքների մասին, եւ հրապարակի ժողովրդին փողոցում կպահեն մինչեւ չորեքշաբթի` խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանի օրը: Եվ վերջապես՝ հնարավոր է, որ հայտարարի, թե Գագիկ Ծառուկյանն էլ է աջակցում շարժմանը։ Մանավանդ՝ օրերս նա հյուրընկալվել էր Ծառուկյանին, եւ անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարություն տարածեցին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսեւորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս: Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը եւ իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ եւ ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաեւ այն պատճառով, որ վայրագություն դրսեւորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցում սահմանազատման հետեւանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին եւ դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու հողատարածքների համար։ Երեկ մեզ ասացին, որ կիրանցեցի Խանումը, ով մինչեւ վերջին պահը պայքարում էր եւ դեմ էր փոխհատուցման առաջարկին, համաձայնել է` տեղափոխվելու է Իջեւան, որտեղ իշխանությունները նրա համար բնակարան են վարձակալել։ Տիկին Խանումի տունը սահմանազատման հետեւանքով ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկն է։ Մյուսն էլ Մհերն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից եւ տրանսպորտի խցանված վիճակից: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նախաձեռնող խմբի նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստին ներկա են եղել Երեւանի փոխքաղաքապետեր Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը եւ ավագանու ՔՊ խմբակցության անդամները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը բավականին երկար է տեւել, քննարկվել են մայրաքաղաքում առկա խնդիրները: Իշխանականները փոխքաղաքապետերին հիմնականում դժգոհել են այն բանից, որ Երեւանում ամեն քայլափոխի փոսեր են, ինչը խոչընդոտում է երթեւեկին, դժգոհություններ են հնչել նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից: ՔՊ-ական պատգամավորները նաեւ դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից դրա հետ կապված: Փոխքաղաքապետերն էլ իրենց հերթին արդարացել են ւու վստահեցրել՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրները շուտ լուծեն:»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:


Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ եւ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում եւ ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 թվականին։ Արտաքին հետախուզության ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 862 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 հազար դոլար եւ 900 հազար դրամ։

Քրիստիննե Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 433 հազար դրամ, որից 2 մլն 698 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունից, 3 մլն 451 հազար դրամը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Գրիգորյանը եկամուտ է ստացել նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 4 մլն 094 հազար դրամ, սակայն Գրիգորյանի կենսագրության որեւէ ժամանակահատվածում նշված չէ, որ նա աշխատել է վարչապետի աշխատակազմում։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ պաշտոնի համար է ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց. «2023 թվականի փետրվարի 14-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում»։


Երկրորդ հարցին. «Ինչո՞ւ կենսագրականում չկա վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին որեւէ տվյալ» Գրիգորյանը պատասխանել է. «2023 թվականի հունվարի 24-ից հետո իմ կողմից հրապարակված միակ կենսագրականը, որը հասանելի է ՀՀ կառավարության կայքում, ներկայացված է շատ ամփոփ տարբերակով, եւ դրանում ներառված չեն մասնագիտական գործունեությանս ընթացքում իմ զբաղեցրած այլ պաշտոններ եւս»։ Քրիստիննե Գրիգորյանը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է 27 հազար դրամ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ից։ Գրիգորյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 161 հազար դրամ։ Արտաքին հետախուզության ծառայության պետի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այսիսով՝ եզրակացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումար է՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Վարկի մարմանը Գրիգորյանը ուղղել է 4 մլն 696 հազար դրամ։


Հավելենք, որ մինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ լինելը՝ Քրիստիննե Գրիգորյանը 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի հունվարի 24-ին Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել եւ ավելի ուշ նշանակվել ԱՀԾ ղեկավար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: 


Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով: Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Հովակիմյանին։ Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր իրականացրել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին։»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ մի քանի ժամանոց փակ հանդիպումներ է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի 2 թեկնածուների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի թեկնածուների հետ: Ընդհանուր թվով՝ 5 հոգու հետ։ ՀՌՀ անդամի համար հայտ է ներկայացրել դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը` «Համով Զառան», եւ ոմն Գոհար Մուրադյան, ում ՔՊ-ականները բնութագրեցին որպես ամբիցիոզ տիկին, ով ոլորտի գիտակ է ներկայացել։ Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել, որքանո՞վ է կոմպետենտ: Արամյանը հիշեցրել է հեռուստատեսությունում աշխատելու բազմամյա փորձը, նշել, որ նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ է աշխատել։ Երկուշաբթի ՔՊ-ում կորոշեն՝ որ թեկնածուին են առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում, իսկ ԱԺ-ին կներկայացնեն սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում։


Դատավորի թեկնածուներն էլ ՔՊ-ի սրտի դատավորներն են` վերաքննիչ քրեականի դատավոր Արմեն Դանիելյանը, որ հայտնի դարձավ Քոչարյանին կալանավորելով, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը։ Վճռաբեկում թափուր տեղ էր առաջացել դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում գրեթե բացառում են, որ Մխիթարյանին կգործուղեն վճռաբեկ, քանի որ նա «արհամարհել է ՔՊ-ին»` նախորդ ընտրություններից մեկի ժամանակ, նախապես իմանալով, որ իրեն չեն ընտրելու, ինքը մեկ այլ անձի «պռավադնիկն» է` չի եկել խորհրդարան։