25.11.2024
Հստակ կոնցեպտ է պետք. այլևս 2018-ի սցենարը չի աշխատելու. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը բարդ վիճակում է, առկա գործիքակազմը չի գործում. փորձագետներ

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, տարբերվող գործընթաց է, որովհետև իշխանության դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ հայտնի գործիքակազմը՝ ահաբեկել, բռնել, հալածել և այլն, չեն կարող բանեցնել: Այս մասին «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: 


"Հալածանքները եկեղեցու սպասավորների համար դրախտի դարպասները էլ ավելի լայն են բացում նրա առջև, դրա համար այն տեխնոլոգիաները, որով փորձեց իշխանությունն աշխատել՝ ահաբելում, վարկաբեկում և այլն, Բագրատ Սրբազանի դեմ, չաշխատեցին, հակառակ արդյունքը ունեցան: Դրա պատճառով էլ փորձում են Բագրատ Սրբազանին ամեն կերպ կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շատ լավ տիրապետում է բոլոր այն գործիքներին, որոնցով Փաշինյանը ժամանակին հաջողության հասավ, շատ լավ հասկանում է այն կոդերը, որոնցով շփվում է ժողովրդի հետ: 


Փորձագետը նշեց, որ այս փուլում տարբեր պրոցեսներ են ընթանում և ոչ միայն հրապարակում, այլև հրապարակից դուրս, ընդ որում աշխարհաքաղաքական ևս:


"Փաշինյանին ցուցադրվեց իր լեգիտիմության բացակայությունը, որովհետև եթե ՀՀ քաղաքական դաշտում ի հայտ է եկել մարդ, որը հրապարակ է լցնում սիրով և համերաշխությամբ, այսինքն Փաշինյանի դաշտում ավելի ուժեղ և հետաքրքիր քայլ է անում, այստեղ խնդիր կա իր համար: Գործող իշխանությանը գցել են առնվազն անհարմար վիճակի մեջ և դա արդեն ակնհայտ է: Եթե մարդ դուրս է գալիս հանուն հավատքի, հանուն գաղափարի, նման մարդկանց դեմ դժվար է պայքարել: Իշխանությունը հիմա բարդ վիճակում է: Եվ իշխանությունը, օրինակ, չունի այն հաշվարկը, թե ինչ կկատարվի, եթե Բագրատ Սրբազանի նկատմամբ ուժ կիրառեն: Այդ իմաստով բավականին բարդ վիճակում են հայտնվել",- ասաց նա:


Քոչարյանի խոսքով, շատ բան այսօր կախված է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, վերջինիս հրամաններից է կախված՝ կմնա Փաշինյանը վարչապետ, թե չի մնա, դուրս կգա՞ն ոստիկանները մարդկանց դեմ, թե՞ կմիանան նրանց:  

«Եվ այս տավուշյան եռանկյունու՝ Փաշինյան-Վահե Ղազարյան- Բագրատ Սրբազան մեջ են որոշակի հարցեր լուծվելու»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:




Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ այս շարժումը ոչ թե ապաքաղաքական է, այլ ապակուսակցական, որովհետև ամբողջ օրակարգը, բոլոր պահանջները ու գնահատականները, որոնք դրվում են, սկսած Կիրանցից, քաղաքական օրակարգ է: 


"Սա հանրային բունտ է ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, վարքագծի, որն այն պահից սկսած, երբ քայլերթը հասավ Երևան, տեղափոխվեց քաղաքական դաշտ, ինչի մասին երեկ խոսեց նաև Բագրատ Սրբազանը: Երեկ խոսվեց շարժումը ինստիտուցիոնալ դարձնելու մասին, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի ինստիտուտ, եթե որոշել են գնալ սահմանադրական ճանապարհով և մեծ կարիք կա, որպեսզի հանրությանը ներկայացվի ինչ-որ այընտրանք: Առաջիկա օրերին շարժման կառավարման մեխանիզմները կփոխվեն, հարթակում կհայտնվեն որոշակի անձեր, որոնք պետք է ընկալելի լինեն հասարակության համար: Կարծում եմ, սա կլինի հիբրիդային ինչ-որ մարմին, որտեղ կլինի և՛ հոգևոր դասը, և՛ որոշ գործիչներ, որոնք ընկալելի են”,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի, իշխանության գործիքակազմը չի աշխատում, հակաքարոզչության արսենալը հարուստ չէ ու բացարձակ չի ազդում: Իշխանությունը փորձեց կիրառել նույն գործիքները, ինչ, օրինակ, երկրորդ նախագահի դեմ, բայց այս պարագայում դա ոչ մի արդյունք չտվեց:

“Փաշինյանը շատ լավ զգում է ժողովրդին մենտալ մակարդակով: Ինքը հասկացավ, որ պատերազմից հետո խաղաղության բավականին լուրջ պահանջ կա և չորս տարի շարունակ իր խոսույթում այդ բառը՝ խաղաղություն, անընդհատ կար: Ի վերջո նա ներկայացրեց իր կոնցեպտը՝ «ամեն ինչ հանձնենք խաղաղ ապրենք», բայց այդ ամենը հօդս ցնդեց Ալիևի հունվարյան ուղերձով, որի թեզերը որևէ աղերս չունեին Փաշինյանի ներկայացրածի հետ: Այդ թեզերը նշանակում էին, որ խաղաղության կոնցեպտի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա, այդ ամենը բլեֆ էր: Եվ հենց այդ պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ընդամենը կայծ էր պետք, որպեսզի հանրության մոտ բունտ առաջանար”,- հավելեց Վիգեն Հակոբյանը: