Այսօր Հայաստանում տեղի ունեցողը գոյաբանական խնդիր է բոլորիս համար և եկեղեցու դիրքորոշումն այն է, որ այդ գոյաբանական խնդիրները ոչ թե սպառնում են ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ յուրաքանչյուր հայի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Այս մասին «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը սպառնում է բոլորին, քանզի ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու զարգացումները սպառնում են ՀՀ գոյությանը:
Այս օրերին ամենից շատ հնչող հարցի՝ ինչո՞ւ եկեղեցին ևս անդրադարձավ:
"Ես չեմ քննարկում և չեմ քննարկելու եկեղեցու որոշումները՝ ես եկեղեցու խոնարհ զավակն եմ ու պարտավոր եմ ընդունել այն, ինչ եկեղեցին գտնում է ճիշտ: Այս գործընթացները նոր ջրբաժան չեն ստեղծում, հակառակը՝ փորձում են ոչնչացնել այն բաժանումները, որ կան հասարակության շրջանում: Գնում է լայն հանրային համերաշխության գործընթաց",- ասաց նա:
Աբովյանը վստահ է, որ գործընթացը ապաքաղաքական է։
"Այո, քաղաքական կոմպոնենտ կա, ամեն ինչ վերջում քաղաքական դաշտում է որոշվելու, բայց ինքը պրոցեսը, փիլիսոփայությունը պետք է լինի ապաքաղաքական և այդպես այսօր հենց կա: Պետք է հիմքում դրվի առաջին հերթին հայամետ միաբանություն",- հավելեց Արման Աբովյանը:
Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ մատնացույց արեց, որ ՀՀ իշխանությունները, համաձայն թե՛ ներքին, թե՛ արտաքին սոցհարցումների տվյալների, այլևս շատ քիչ աջակցություն ունեն:
Հարցը, ըստ նրա, նրանում է է, որ հասարակության մեջ շատ մեծ անտարբերություն, ապատիա կա, և երկրում ձևավորված ճգնաժամի պատասխանատուն էլ, շարժիչ ուժն էլ իշխանությունն է: Ըստ Ղուկասյանի՝ հասարակությունն այսօր այլևս չի ֆիքսվում անձերի վրա, մարդիկ չեն սպասում կոնկրետ անձի, ամբողջ հարցը նրանում է, թե ո՞վ կարող է լուծումներ առաջարկել այս ճգնաժամից դուրս գալու համար:
«Չի կարող այլևս լինել անձնավորված գործընթաց, որովհետև մի անգամ՝ 2018-ին անձնավորված փրկչին բերեցին: Ես համոզված եմ, որ հստակ կոնցեպտային գործընթաց է հաղթելու: Բոլորը սպասում են հստակ կոնցեպտներ, այսինքն՝ «Նիկոլ, հեռացի, հետո տեսնենք ինչ ենք անելու»-ն այլևս չի աշխատելու: Եվ չի աշխատելու 2018-ի սցենարը: Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու, կամ՝ լավ, Արցախը կարողանալո՞ւ ենք վերադարձնել»,- ասաց բանախոսը:
Այսինքն, հավելեց նա, մենք այն փուլում ենք, որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արդեն ձախողել է, բայց մեզ անհրաժեշտ են լուծումներ: Եվ միայն իշխանափոխությամբ, դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից: