VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։ Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, եւ գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետեւանքների կհանգեցնի։ Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։
Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։ Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը: Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին` «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։ Եվ դա սկսվել է իր` Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց` «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված եւ ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման: Սա վերջին օրերին ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է: Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում: Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում եւս այս հարցն է եղել: Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով: Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի ԱԺ հերթական կամ, ըստ զարգացումների, նաեւ արտահերթ ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի եւ Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք: Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինս ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել: Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, եւ իշխանությունները, պատերազմին պատրաստվելու փոխարեն, առավել լուրջ գործով են զբաղված. պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձեւը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող եւ նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։ Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, եւ դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։ Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի, նման չի լինելու նախկին համազգեստին եւ՛ արտաքնապես, եւ՛ որակապես։
Օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, եւ ինչ գործընթացներ են իրականացվել։
Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են. «Դեռեւս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։ Ստացվում է, որ նպատակը կա, սակայն վերջնարդյունքը հեռու ապագայում դեռ հորիզոնում չի երեւում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխության կիրառումը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, չծառայել կամ քիչ ծառայել ու զինգրքույկ ստանալ, այնքան էլ հարթ չի ընթանում։ Պարզվում է՝ բանկերն իրենց կանոնակարգի համաձայն, մեծ գումարներ՝ 15 մլն դրամ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին փոխանցելու համար այդ գումարի օրինականության հիմքերն են պահանջում: Սա բանկերում ընդունված պրակտիկա է` ուղղված փողերի լվացման գործընթացը կանխելուն։ Սակայն այս պահանջը որոշ խնդիրներ է առաջացրել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, 15 մլն դրամ վճարել բյուջե ու զինգրքույկ ստանալ։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ արտերկրում աշխատել են ոչ միայն օրինական գումարներ, այլեւ անօրինական, եւ երբեմն չեն կարող այդ գումարների օրինականության հիմքերը ներկայացնել։ Երեկ փոփոխության հեղինակին փոխանցեցինք այս խնդիրը։ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանկերում խնդիր չի առաջանա, եթե քաղաքացիները բանավոր հայտնեն, որ այդ գումարներն աշխատանքի արդյունքում են վաստակել: Նշեց նաեւ, որ կան բանկեր, որտեղ 15 մլն-ի համար նման պահանջ չեն ներկայացնում, ուստի կարող են մեր քաղաքացիները փոխանցումն իրականացնել այդ բանկերով։ Իսկ թե քանի մարդ է օգտվել այս օրենքից, խոստացավ առաջիկայում վիճակագրությունը ներկայացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դիմում են գրում, հեռանում: Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ Արշակ Վարդանյանը, սեփական դիմումի համաձայն, ավարտեց դատավորի կարիերան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Ավելին՝ լուրեր կան, որ, բացի ազատումից, նրա նկատմամբ այլ գործընթացներ կսկսվեն:
Ի՞նչ է կատարվում դատական համակարգում. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե Հակակոռուպցիոն կոմիտեն, որ երեկ խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն, ինչ է փնտրել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փնտրել են Ռուբեն Վարդազարյանի կողմից 2 տարի առաջ հրապարակված՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած աղմկահարույց զրույցի ձայնագրության ամբողջական տարբերակը, որտեղ ուշագրավ հատվածներ կան, սակայն մինչ օրս չեն հրապարակվել: Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է գործը վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից: Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Ջհանգիրյանը նույն օրը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել էր, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։
Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության, եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը:
ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել:
Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։
Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։
Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է, եւ, փաստորեն, առաջին գործը ձայնագրության ամբողջական տարբերակը փնտրելն է, իսկ անթույլատրելի պարտադրանքը պետական պաշտոնյային՝ ԲԴԽ նախագահ Վարդազարյանին, չի քննվել ու չի քննվում ցայսօր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց՝ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամրացվի ուժային կառույցներին։ Խոսքը «Պոլարիս» մակնիշի տարբեր ամենագնացների մասին է, որոնց միջին արժեքը մոտ 10 մլն դրամ է։ 22 տրանսպորտային միջոցներից 8-ը՝ 85.5 մլն ընդհանուր արժողությամբ, կփոխանցվի ՆԳՆ-ին, 4-ը՝ 42 մլն դրամ արժողությամբ՝ ՊՆ-ին, իսկ մնացածը՝ 102 մլն դրամ արժողությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությանը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը նման մի փոխանցում էլ արել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ` սփյուռքահայության հանգանակած 100 միլիոն դոլարը փոխանցելով պետությանը, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ եւ այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր եւ նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։ Եղիազարյանի եւ նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաեւ մի շարք անշարժ եւ շարժական գույք։ Եղիազարյանի նկատմամբ նաեւ քրեական գործ կա` ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաեւ ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում եւ տուգանում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ քամու նույնիսկ մի փոքր ուժգնացման ժամանակ Երևանում կոտրվում են ծառեր կամ ծառերի մեծ ճյուղեր՝ երբեմն նաև վնասներ պատճառելով մեքենաներին: «Փաստ» թերթը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել՝ կա՞, արդյոք, հաշվարկ, թե 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում քանի ծառ է վնասվել: Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ ծառերի վնասման պատճառը միայն քամին չէ: Եվ այսպես, տարբեր դեպքերից ընդհանուր առմամբ 2023 թվականին Երևանում վնասվել է 136 ծառ: Դրանցից թեքված, կոտրված, շրջված ծառերի քանակը 81-ն է, այդ թվում՝ քամուց՝ 37-ը, այլ բնույթից՝ 44-ը, իսկ վնասված ծառերի ճյուղերի քանակը 55-ն է, այդ թվում՝ քամուց՝ 24-ը, այլ բնույթից՝ 31-ը: