26.11.2024
ՀՀ ԱԺ-ում և ՌԴ Պետդումայում բարձր են գնահատում միջխորհրդարանական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի ահաբեկչական բնույթը. ԱԺ փոխնախագահ

Թե Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, թե ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպման ժամանակ:

Էդուարդ Շարմազանովը իր ցավակցությունն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ահաբեկչական սպանության կապակցությամբ և նշել է, որ հայ ժողովուրդը սեփական փորձից գիտի, թե ինչ է պետական ահաբեկչությունը. դրա վառ ապացույցն է դեռեւս 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում հազարավոր խաչքարերի վերացումը և այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը:

‹‹Եւ Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպմանը կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է, որ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ կարևորում է այն փաստը, որ ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովն իր առաջին արտագնա նիստն անցկացնում է Հայաստանում:

‹‹Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են և երկու պետությունների շահերից է բխում խորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին պետք է նոր լիցք հաղորդել››,- ասել է նա:

Լեոնիդ Կալաշնիկովը համաձայնել է ԱԺ փոխնախագահի այն տեսակետի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումը և համակարգված աշխատանքը միջխորհրդարանական կառույցներում: