Պաշտոնավարման 100 օրը. Ի՞նչ է հասցրել անել քաղաքացիների մոտ ակնկալիքների ալիք ձևավորած վարչապետը
ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը քաղաքացիների մոտ ձևավորել էր ակնկալիքների ալիք, սակայն հետագայում այն կասկածի տակ դրվեց։ Այս մասին այսօր հայտարարվեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «ՀՀ վարչապետի 100 օրը» խորագրով քննարկմանը:
ՀԿ-ն ողջունելի է համարում պետական ծախսերի ուռճացված ծախսերի կրճատման մոտեցումը, սակայն նշում, որ ԱԺ կողմից ընդունված «Գնումների մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է գաղտնագրել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը չի կարող որևէ կերպ ընկալվել որպես պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը միտված քայլ և հայտարարված պետական ծախսերի կրճատման քաղաքականության կոնտեքստում:
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» եզրակացության, հաջորդ հիասթափությունը թերևս այն է, որ վարկաբեկված և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումը ողջունելի և վաղուց պահանջված քայլ էր, սակայն նրանք ազատումից հետո քրեորեն հետապնդելի չեն դառնում դրսևորած անօրինականությունների համար:
Հաջորդ մտահոգիչ հանգամանքը Կարեն Կարապետյանի անդամագրում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և դրան հետևած բազմահազար անդամագրումները ՀՀԿ-ին Կարապետյանի կողմից նախկինում ղեկավարվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների տեսքով: ՀԿ-ն նկատում է, որ դա առնվազն ողջամիտ կասկած է հարուցում անդամակցության կամավորության և վարչապետի նախկին կապերն ու ներկա ազդեցության լծակներն օգտագործելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» արձանագրում է, որ պաշտոնավարման առաջին հարյուր օրերի ընթացքում վարչապետի վարած քաղաքականությունը դրսևորել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականության փոփոխության որոշակի դրական միտումներ: Դրանք են՝ գույքի և եկամուտների հայտարարագրման բարելավումը, ապօրինի հարստացման քրեականացումը և այլն: Սակայն, ընդգծվում է եզրակացության մեջ, չափազանց կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որպես կոռուպցիոն հանցագործություններ ճանաչվեն և դատապարտվեն նաև ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները, ինչը կարող է կանխարգելել գործարարների մուտքը Ազգային Ժողով և դրանով իսկ նվազեցնել քաղաքական կոռուպցիան: