Հայ և ռուս օրենսդիրները քննարկում են ԵԱՏՄ-ից օգուտները
Մենք շատ ենք քննարկում այն, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին կարծես թե բիզնեսը աշխուժությունը և որևէ ազդեցություն իր վրա դեռ չի զգում մեր բիզնեսը: Այդ հարցերը ևս դառնալու են քննարկման առարկա այսօրվա նիստում: Այս մասին Երևանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամների մասնակցությամբ համատեղ չորրորդ նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին, առկա համագործակցության զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ինտեգրացիոն և տնտեսական նշանակության շատ հարցերի: Օրակարգում ընդգրկված են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված հարցեր, որոնք առնչվում են հայ¬ ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը»,-տեղեկացրեց Զաքարյանը:
Հայ պատգամավորը նշեց, որ թե՛ հայ, թե՛ ռուս քաղաքական շրջանակում առաջանում են հարցեր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք անընդհատ պարզաբանումների անհրաժեշտություն ունեն, քանի որ Ադրբեջանը շարունակաբար նաեւ ռուսական քաղաքական շրջանակներում է տարածում կեղծ քարոզչությունն ու իր ոչ կառուցողական մոտեցումներ:
«Երկրորդ հարցի շրջանակում պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումները համագործակցության վերաբերյալ, խոսելու ենք սպառնալիքների եւ մարտահրավերների մասին»,- ասաց նա:
Իր հերթին Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասաց, որ հատկապես շատ անելիքներ կան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դաշտում և այդ հարցի շուրջ իսկապես շատ բան կա խոսելու-քննարկելու.
«Դա լիովին վերաբերում է Ռուսաստանին, փորձ է արվում մտցնելու պատժամիջոցային ռեժիմ, սակայն Արեւմուտքի մոտ շատ հարցերում դա այդքան էլ չի ստացվում: Պետք է կքննարկենք հարցեր, որոնք առնչվում են այդ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,-հավելեց ռուս պաշտոնյան: