25.11.2024
Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ պետությունը կապ չունի ՌԴ դեսպանի սպանության հետ
prev Նախորդ նորություն

Որտե՞ղ է տեղավորվելու Սեյրան Օհանյանը, եթե բոլոր տեղերն արդեն զբաղված են. կարծիքներ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ իր նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թվականիի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ իր հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած է լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին. «Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում»,- ասել է նա:

Հանրապետական կուսակցությունը դեռևս չի շտապում գնահատականներ հնչեցնել Պաշտպանության նախկին նախարարի քաղաքականությամբ զբաղվելու մարտահրավերին: ՀՀԿ-ում սպասում են, որպեսզի Օհանյանն ավելի հստակեցնի իր ծրագրերը: VERELQ-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ "մենք այլևս իրավական, ժողովրդավարական երկիր ենք", որտեղ յուրաքանչյուր անձ, քաղաքացի, պետական-քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչով է զբաղվելու:

«Ես ծանոթացել եմ Սեյրան Օհանյանի հայտարարությանը և հասկացել եմ, որ նա մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց թե ի՞նչ ձևաչափով և օրակարգո՞վ՝ ոչինչ չեմ հասկացել, քանի որ ինքն էլ ոչինչ չի ասել: Պարզապես ասել է, որ գործելու է «հանունի» գաղափարի համար, այլ ոչ թե «ընդդեմի»»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է Հարապետականը վերաբերում է այն հանգամանքին, որ թեև Օհանյանը կուսակցական չէր, բայց իրենց թիմից էր և այժմ, փաստորեն, անկախ է ուզում գործել՝ կառավարման նոր համակարգ ձևավորելու ձգտմամբ, Սահակյանն ասաց, որ քանի դեռ Սեյրան Օհանյանն ավելին չի ասել իր հետագա անելիքների մասով, ինքը ձեռնպահ կմնա որևէ գնահատականներ հնչեցնելուց: «Ժամանակ է պետք հասկանալու, թե մեր թիմի հետ աշխատած, տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը ի՞նչ ծրագրեր, ի՞նչ պատկերացումներ ունի, ո՞ր թիմի հետ ու ի՞նչ գաղափարներով է գալիս քաղաքական դաշտ, և ո՞ր տեղում է իրեն պատկերացնում: Այս պահին միայն հայտնի է, որ նա ցանկանում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ»,- հավելեց Հովհաննես Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրեն մի քիչ զարմացնում են այն հարցադրումները, թե արդյո՞ք Օհանյանը իրավունք ուներ մտնելու քաղաքականություն, քանզի ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական գործիչ, որը ձևավորում է իր համախոհների հետ քաղաքական օրակարգ և գտնում է, որ այդ օրակարգը կենսունակ է և այն իրացնելով, կարող է երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները լուծել՝ դա իրենց իրավունքն է: "Եվ որևէ մեկը որևէ մեկին քաղաքականությամբ զբաղվելու կադաստրի վկայական տալու իրավունք չունի", - ասել է նա:

«Ես ծանոթացել եմ Սեյրան Օհանյանի հայտարարությանը: Երկու կարևոր արձանագրում եմ արել. նախ, կարևոր է, որ Սեյրան Օհանյանը գալիս է ոչ թե կազմաքանդելու, ոչ թե ավիրելու և ամեն ինչ հիմնահատակ ոչնչացնելու-փոշիացնելու կոչերով, որովհետև մեր քաղաքական դաշտն այնքան է այլասերվել փոխադարձ ատելությունից և միմյանց ոչնչացնելու կոչերով էժանագին դիվիդենտներ հավաքելուց, որ եթե մենք այդ ատելության կոչերով գնանք ընտրություններին, ապա դրանք խայտառակ, կործանարար ընտրություններ են լինելու: Ի վերջո, շատ կարևոր է, որ Օհանյանը հստակ ասում է, որ կազմաքանդելու, անիծելու, արյուն խմելու կոչերը բացարձակ կենսունակ չեն այլևս հանրության մեջ և պահանջված չեն: Այդ առումով մենք ողջունում ենք իր սթափ և ճիշտ, գրագետ մոտեցումը «հանունի» և ոչ թե «ընդդեմի»»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի այդ, շարունակեց ԲՀԿ առաջնորդը, շատ կարևոր է, որ Սեյրան Օհանյանը ինքն արձանագրում է, որ քաղաքական դաշտում կա լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտություն: Զոհրաբյանը շեշտեց՝ կոնսոլիդացիայի տակ բացարձակ նկատի չունի մեկ միասնական ցուցակով հանդես գալը, այլ նկատի ունի այն, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը, կարողանան միավորել իրենց ջանքերը ընտրակեղծիքների դեմն առնելու համար, քանզի շատ սպեցիֆիկ ընտրություններ են սպասվում:

Ինչ վերաբերում է հնարավոր համագործակցությանը Սեյրան Օհանյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ պարզ կլինի, թե ո՞ր քաղաքական թիմով, ի՞նչ քաղաքական հարթակով ու ի՞նչ քաղաքական-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգով է գալիս պաշտպանության նախկին նախարարը, այդ ժամանակ միայն ճիշտ կլինի խոսել հնարավոր, առավել սերտ համագործակցության մասին: «Բայց ես կրկնում եմ՝ իր առաջին ելույթները բավականին պոզիտիվ էին, իսկ ինձ համար կարևոր է, որ գործիչը կամ քաղաքական ուժը գալիս է ոչ թե կազմաքանդելու կամ գիլյոտինի կոչերով, այլ համատեղելով ջանքերը գալիս է իսկապես երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու կոչերով»,- հավելեց պատգամավորը:

Իսկ ահա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լուրջ սպասելիքներ Օհանյանի մուտքից մեծ քաղաքականություն չունի: VERELQ-ի հետ զրույցում նա նշեց, որ չի կարծում, թե դա ինչ-որ լուրջ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում առաջատարն են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, քանի որ նաև լուրջ ռեսուրս ունեն՝ թե՛ մարդկային, թե՛ այլ: Շանսեր ունեն, ըստ նրա, նաև Դաշնակցությունը, ՀԱԿ-ը, Հայկական վերածնունդը՝ հաշվի առնելով ՏԻՄ վերջին ընտրությունները:

«Քաղաքականության մեջ շատերն են ցանկանում տեղ զբաղեցնել, բայց այդ դեպքում հարկավոր էր ՏԻՄ ընտրություններին մասնակցել, ունենալ համախոհներ տեղերում: Այլապես դժվար է պատկերացնել դրական արդյունք: Ես չգիտեմ, թե Սեյրան Օհանյանը ինչ նպատակներով է գալիս քաղաքականություն, բայց Սամվել Բաբայանի փորձը իր համար օրինակելի պետք է լինի՝ Հայաստանում քաղաքականության գալը միայն ցանկության խնդիր չի, այլ բավականին լուրջ գործընթացների խնդիր: Իսկ գլխավորն այն է, որ առաջնորդը պետք է խարիզմա ունենա, որ իր շուրջը կարողանա բերի ոչ միայն անմիջական համակիրներին, այլև մի քիչ ավելի լայն շրջանակ, որպեսզի կարողանա 5 տոկոս ձայները հավաքի»,- շեշտեց նա:

Իսկ այսօր Ադիբեկյանը դեռ չգիտի՝ քաղաքական այս թատրոնում որտե՞ղ է տեղավորվելու Սեյրան Օհանյանը, եթե բոլորը տեղերն արդեն զբաղված են՝ և՛ օթյակը, և՛ պարտերը, և՛ ամֆիթատրոնը: Այսինքն, հավելեց նա, մնում է միայն ֆոյեն:

Զրուցեց Լիա Խոջոյանը