26.11.2024
ՀԾԿՀ հավանության է արժանացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանին ջանում են տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ»-ը գրում է. «Սպասվում էր, որ ՀՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանը կհստակեցնի քաղաքական տանիքից զրկված նախկին ԲՀԿ-ականների կարգավիճակը՝ ասելով, թե ով ուր գնա, ինչ անի, որ կուսակցության ցուցակ մտնի։ Կամ էլ որևէ այլընտրանք առաջարկի, ասենք՝ ընտրություններից հետո պաշտոն։ Բայց դուրս մնացածների մոտ տագնապը խորանում է, Սերժ Սարգսյանի լռությունը չարագուշակ կանխատեսումների տեղիք է տալիս։ Նրանցից միայն երկուսին՝ Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին է հաջողվել իրենց հարցերը լուծել, երկուսն էլ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրեն թեկնածություններ։ Մյուսները դեռ անորոշության մեջ են, շարունակում են նոր տանիք որոնել»:

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել։ Արդյոք նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով, կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռևս հստակեցված չէ։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին Հայաստանի հանրապետական կուսակցությունում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը։ Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի մտերիմը։ Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը և Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչև առաջին եռյակում»:

«Ժամանակ»–ը գրում է. «Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս՝ այս տարի օգոստոս ամսին, երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը և ակնհայտ էր, որ նոր կառավարություն է ձևավորվելու։ Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը։ Մեզ հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը։ Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռևս չունի, բայց նա անպայման ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին։ Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով»:

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ քննարկմանը ներկայացրեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Նախագծով 5 մլն դրամից ավելի ունեցվածքի ավելացման դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում օրինական եկամուտներին, նախատեսվում է ազատազրկում, պաշտոնից զրկում: Օրինագծի քննարկումը, կարելի է ասել, բացառիկ էր գոնե այն առումով, որ ելույթ ունեցող պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ էր դրան: Սակայն խնդիրն այլ հարթության վրա եւս պետք է դիտարկել: Ինչո՞ւ հիմա, եթե նախագծի շուրջ քննարկումներ եղել են դեռեւս ավելի քան 1.5 տարի առաջ: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եվրոպական բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկում էր այդ թեման եւ արդարադատության նախարարին հանձնարարականներ էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթը օրինագծի համահեղինակ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը. «Ներկայացվել է այն պահին, երբ իրականում այդ ուղղությամբ աշխատանքները նախագծին տվել են վերջնական տեսք, փորձառություն: Նախագիծը չի ներկայացվում որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Այն ներկայացվում է քաղաքական փոփոխությունների մեջ: Շատ կարեւոր է ոչ միայն, թե երբ ես անում քայլը, այլեւ ինչպես ես անում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, նախագծի ձեւակերպումների վրա աշխատանք... Միայն երեք ամիս ներգերատեսչական քննարկումներ են եղել: Հետո բերվեց ամփոփումը եւս մի երեք ամիս, հետո գնաց կառավարություն, երկու ամիս է՝ այստեղ է: Շատ բնական է եղել, ես այստեղ ինչ-որ հատուկ բան չեմ տեսնում»,- պարզաբանել է նախարարը:

Հարցին, թե օրինագիծն անցնելու դեպքում ինչո՞ւ է 2017-ի հունիսից ուժի մեջ մտնելու, արդյո՞ք ապօրինի հարստացողներին եւս մեկ շանս է տրվում այդ ժամանակահատվածում, նախարարը մեկնաբանեց, թե օրենքը սպասարկող օրենքներ ու կառույցներ պետք է դեռ ստեղծեն, ինչպես, օրինակ, հայտարարագրերն ուսումնասիրող մարմին, աշխատանքային խումբ, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում»: