26.11.2024
Մամուլի տեսություն. Իրան-Հայաստան երկաթուղին կրկին դրվել Է շրջանառության մեջ
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ հավանության է արժանացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանության է արժանացրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը:

32,5 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը ներառում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերազինմանը, նոր բաժանորդների միացմանն ու այլ ներդրումների իրականացմանը: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում հերքել էր մամուլի այն տեղեկությունները, թե ներդրումային ծրագրով պայմանավորված 2018 թվականից գազի գինը Հայաստանում կբարձրանա.

«2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով` հաշվի են առնվել նաև այդ բոլոր ներդրումները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռևս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել»,- հայտնել էին ընկերությունից: