VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակը» գրում է. «Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը թերևս արդեն հասցրել Էր մոռանալ, կրկին մտել Է շրջանառության մեջ։ Այն տեղադրվել Է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր։ Նախարարությունը ներկայումս հավաքագրում Է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում և փորձում ներդրումներ գտնել դրանց համար։ Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային Էներգետիկայից մինչև զբոսաշրջություն։ Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին Է, որը գնահատված Է 3.2 միլիարդ դոլար։ Թե որքանով Է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի Է կռահել։ Հայաստանը Իրանին կապող այս երկաթուղու գաղափարը ծնվել Էր դեռ 12 տարի առաջ, իսկ 8 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն։ Բայց մինչ օրս որևէ լուրջ ներդրողի այն չի հետաքրքրել։ Փոխարենը դրա շուրջ պտտվում էին կասկածելի, որևէ պատմություն չունեցող օֆշորներում գրանցված ինչ-որ կազմակերպություններ, որոնք ընդամենը իմիտացիա Էին ստեղծում, թե ծրագրի շուրջ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում»,–գրում է թերթը։
«Ժամանակը» գրում է. «Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեև մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տևական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար
Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը:
Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս և հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ: Վիգեն Սարգսյանը և՛ իշխանական համակարգում, և՛ ՀՀԿ ԳՄ-ում
Սերժ Սարգսյանի համար ունի առանցքային դերակատարում, հատկապես նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, որը խաղաղ ժամանակամիջոցում չունի գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի դերակատարումը Սերժ Սարգսյանի համար առանցքային է: Այդ իմաստով սկզբունքային հարց էր դառնում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի, ըստ էության, առաջին նախաձեռնության տապալումը թույլ չտալը: Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու և տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլևս կատարված իրողություն է»,–գրում է թերթը։
«Ժամանակը» գրում է.««Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ։ Ըստ ամենայնի՝ կուսակցությունը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, քանի որ այդ ուժի առանցքային գործիչներից մեկը՝
Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքով մասնակցությանը և նրան հաջողվել է
Րաֆֆի Հովհաննիսյանին ևս համոզել որևէ դաշինքի չմիանալ։ Այս որոշմանը շարունակում է դեմ հանդես գալ «Ժառանգության» փոխնախագահ
Արմեն Մարտիրոսյանը։ Նա կարծում է, որ ընտրություններին պետք է գնալ դաշինքով»։
«Հրապարակը» գրում է.«Առողջապահության նախարար
Լևոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության և իր զավԵշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարվելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։ Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար և արդեն իսկ համալրել է այն «սև ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում»:
«Առավոտը» գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ՓՄՁ-ն չի կարողանում շնչել, մինչդեռ տնտեսության շարժիչ ուժն է նաև ՓՄՁ բիզնեսը։ Ինչո՞ւ մեր երկրում տոկոսադրույքները չեն նվազում՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» պատասխանատու
Սամսոն Գրիգորյանը պատասխանում է, որ ոչ թե տեղային ու ժամանակավոր լուծումներ են պետք ՓՄՁ բիզնեսի համար, այլ հիմնավոր։ Նրա համոզմամբ՝ պետք Է փոքր ու միջին բիզնեսը մտնի արտադրության դաշտ. «Այսօր փոքր ու միջին բիզնեսի շատ մեծ տոկոս զբաղվում է առևտրով, միայն վարկ տալով հարցին լուծում չի տրվում, պետք Է ՓՄՁ֊ի համար առաջին հերթին ստեղծվի հավասարության դաշտ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մրցակցությանը դիմանա։
Գրեթե ամեն օր առնչվելով բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարոն Գրիգորյանը կարծում Է, որ մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես ՝ ՓՄՁ-ի համար, չափազանց բարձր են, և որքան Էլ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանք նվազեցնելու, բիզնեսին աջակցելու, այդուհանդերձ՝ նման բարձր տոկոսներով բիզնեսը չի կարող աճ ունենալ։ «6-7 ամիս առաջվա պայմաններով՝ լավագույն դեպքում 16 տոկոս դոլարային վարկերն Էին և 22 տոկոս ՝ դրամային վարկերը, հիմա նոր-նոր Կենտրոնական բանկը վերավարկավորման տոկոսադրույքը իջեցրել Է, և հնարավոր է՝ վարկերը մինչև 10 տոկոս իջնեն։ Բայց դա էլ է բարձր փոքր ու միջին բիզնեսի համար։ Նկատելի քայլեր Է պետք ձեռնարկել ոչ թե Ժամանակավոր լուծումներ, տեղային հարցեր, ընդհանուր պետք Է լուծում գտնվի։
Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ վարկերն, իհարկե, մեծ դեր են խաղում, բայց երբ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, բիզնեսը չի կարող այդ բարձր տոկոսադրույքներով վարկերի տակից դուրս գալ»: