22.11.2024
Մուսա Փանահով. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը գրեթե ավարտված է
prev Նախորդ նորություն

Թևան Պողոսյան. Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հնարավորությունները շատ աղոտ են

Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ինտեգրվելու հեռանկարները բավականին աղոտ են, չնայած այս կամ այն պետության ղեկավարի հայտարարություններին ու ցանկություններին: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Թուրքիան, Հնդկաստանը, Ադրբեջանն ու Մոնղոլիան նույնպես հետաքրքրություն են հայտնել ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության մասով: Նազարբաևը կոչ է արել միության անդամներին քննարկել այդպիսի առաջարկությունները: Պետք է նշել, որ Անկարայի նկատմամբ այդպիսի ռևերանսներով Ղազախստանի առաջնորդը հանդես է գալիս ոչ առաջին անգամ:

Պողոսյանի խոսքով, Ղազախստանի նախագահը խոսում և գործում է իր պետության շահերից ելնելով: Ցանկացած պետություն անդամակցելով այս կամ այն կառույցին, պետք է շարունակաբար առաջ մղի միայն իր ազգային շահերը և վատ չէր լինի, եթե Հայաստանը նույնպես այդպես վարվեր: «Ես գտնում եմ, որ վատ չէր լինի օրինակ, Իրանի, Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը», - նշել է Պողոսյանը:

Նրա խոսքով, ինչ վերաբերվում է Անկարային, ապա նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին կախված է ոչ Ղազախստանի դիրքորոշումից կամ Նազարբաևի ցանկությունից: Պողոսյանը հիշեցրել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործում է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այս պայմաններում անհասկանալի է Անկարայի և ԵԱՏՄ-ի սերտ համագործակցության մեխանիզմները:

«Մեզ մինչ այս պահը ասում էին, որ այս երկու վեկտորների համատեղումը անհնար է և պետք է հստակ ընտրություն կատարել: Կարծում եմ, այս կանոնները գործելու են նաև Թուրքիայի պարագայում: ԵԱՏՄ-ին ինտեգրվելու համար Թուրքիան առաջին հերթին պետք է հրաժարվի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտուց, ինչն այս պահին բավականին աղոտ է թվում, եթե չասենք անհնարին: Բացի այդ, մենք չգիտենք Անկարայի ցանկություններն այս հարցում և հետևաբար, Նազարբաևի հայտարարությունները մնում են զուտ նրա ցանկությունները: Չպետք է մոռանալ նաև Ռուսաստանի և Թուրքիայի շահերի հնարավոր բախումը, ես դեռ չեմ խոսում Երևանի և Անկարայի միջև թշնամության մասին», - հավելել է պատգամավորը: