Շահրամանյա՛ն, Արցախը հանձնեցիր, արցախցիներին տեղահանեցիր, հիմա ժողովներ ես անո՞ւմ. Ասրյան
Հազարամյակների պատմություն ունեցող հայկական պատմական Արցախը քո հրամանագրով Ադրբեջանին հանձնած Շահրամանյա՛ն Սամվել. Արցախի Ազգային Ժողովը սույն թվականի սեպտեմբերի 9-ին, մեզ համար անհայտ պատճառներով, քեզ ընտրեց Արցախի նախագահ, և դու երդումով պարտավորվեցիր, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքիդ գնով, պաշտպանել ու պահպանել Արցախի բնակիչներին և Արցախը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:
"Դու, որպես Արցախի նախագահ, քո հրամանով Արցախից տեղահանված 100.000-ից ավել արցախցիներից չկարողացա՞ր 7-ից 8.000-ին մոբիլիզացնել և Ադրբեջանին՝ ձեր կողմից հանձնած, նվիրած մեկ միլիարդ դոլարից ավել արժողությամբ զենքերով պաշտպանել ձեզ, ձեր ընտանիքները, Եկեղեցիները, Արցախը։
Վախեցա՞ր կյանքդ զոհաբերել հանուն Արցախի ու Արցախցու։
Իսկ այսուհետ ինչպե՞ս ես պատասխան տալու Ստեփանակերտի Պանթեոնում և Հայաստանի Եռաբլուրում, գերեզմանատներում հավերժության մեջ ննջեցող հազարավոր հայորդիներին ու նրանց զավակներին, ընտանիքներին։
Շահրամանյա՛ն Սամվել, հազարամյակների պատմություն ունեցող հայկական պատմական Արցախը հանձնեցիր Ադրբեջանին, բոլոր արցախցիներին տեղահանեցիր Արցախից, ու հիմա եկել ես Երևանում ժողովներ ես անցկացնո՞ւմ. ո՞ւմ համար, ինչի՞ համար։
Շահրամանյա՛ն Սամվել, ո՞նց ստացվեց, որ քո՝ Արցախի նախագահ եղած ժամանակ Ադրբեջանը Ստեփանակերտում ձերբակալեց Արցախի պաշտոնաթող երեք նախագահներին և տարավ Բաքու, իսկ դու Ստեփանակերտից առոք-փառոք հասար Երևան։
Շահրամանյա՛ն Սամվել, ես քեզ հստակ ասում եմ, որ հայկական պատմական Արցախն Ադրբեջանին հանձնեցիր դո՛ւ՝ քո՛ իսկ հրամանագրով, և դո՛ւ անպայման պատասխան ես տալու Արցախը քո՛ հրամանագրով Ադրբեջանին հանձնելու համար։
Ի դեպ՝ Շահրամանյան Սամվելն եզակի այն մեկն էր Արցախում, ում ես անձամբ չեմ ճանաչում, և, Փա՛ռք ԱՍՏԾՈ, որ չեմ ճանաչում",- գրել է Ասրյանը: