Ադրբեջանը պետք է պատասխանտվության կանչվի Արցախում էթնիկ զտումների. Ռուբինյան
Ադրբեջանը պետք է պատասխանտվության կանչվի Արցախում էթնիկ զտումների իր քաղաքականության համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽԽՎ-ում Արցախում հումանիտար իրավիճակի հրատապ քննարկումների ժամանակ ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ակնհայտ էին, և նա դրանք կյանքի կոչեց։ «Ավտորիտար ցեղասպան ռեժիմը պաշտպանող ադրբեջանցի պատգամավորների ցինիզմը միայն զարմանք կարող է առաջացնել։ Բռնի տեղահանված հայերին Ադրբեջանի քաղաքացիներ անվանելով՝ նրանցից ոչ մեկը ցավակցական խոսք չի ասել կորուստների համար և չի հարցրել, թե այդ մարդկանց ինչ է պետք»,- ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով, նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո իրենք գալիս են ԵԽԽՎ և Հայաստանին բացահայտ անվանում «Արևմտյան Ադրբեջան»։
Նա ընդգծել է, որ Բաքվի գործողությունները վերջին շրջանում՝ 2020 թվականի պատերազմը, էթնիկ զտումները, Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջը, նրա սահմանների չճանաչումը վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում միջազգային կարգի և իրավունքի համար։ «Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը։