ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը: Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, մասնավորապես կրթության իրավունքի առաջնային ապահովման հարցը:
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ է բռնի տեղահանվել իր բնօրրանից: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աղետի ու վտանգի մասին, համապատասխան նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատվել էր հումանիտար ճգնաժամ, որի արդյունքում խախտվել էին շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ էին: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման, էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում էր երեխաների կրթության իրավունքը, և այս իրավիճակը ձգվեց ավելի քան 9 ամիս»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում
է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Արթուր Մարտիրոսյանը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:
Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը. «2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո արձանագրվել են հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված շուրջ 50 վանդալիզմի և խեղաթյուրման դեպքեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկիրառի իր բացառիկ մանդատը՝ կանխարգելելու նմանօրինակ դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է»: Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավարը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: