ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է ՌԴ հետ հարաբերություններին և այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն փոխում է արտաքին վեկտորը:
-Պարոն վարչապետ, 20 տարվա մեջ մենք այսպիսի աննախադեպ մեղադրանքների և դիվանագիտական, այսպես ասած, դիմակայության մեջ Ռուսաստանի հետ չենք եղել: Նրանք մեզ ուղղակի մեղադրում են, որ վեկտոր ենք փոխում և գնում ենք արևմուտք:
– Տեսեք՝ մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ես Ձեզ մի փաստ արձանագրեմ և մի գաղտնիք բացեմ. նախ Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա և դրա շրջանակներում: Այդ պայմանագիրը 2018թ.-ից առաջ է ստորագրվել և վավերացվել: Ուժի մեջ է մտել 2018 թվականից առաջ, երբ այն ժամանակ Ռուսաստանի հետ Ձեր նշած տերմինաբանությունը ոչ մեկ չէր օգտագործում:
Այո, դա հարաբերությունների որոշակի բաց ժամանակաշրջան էր: Իմիջիայլոց, բարդություններ կան և՛ Ռուսաստանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ աշխարհի համար, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետև պրոբլեմը մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է: Այդտեղ մենք ոչ մի բան էլ չենք փոխում: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Այն մեզնից առաջ է ստորագրվել, այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն՝ ինչ-որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել:
- Գիտեք՝ կա չեղարկելու երկու ձև: Մեկը, որ վերցնում ես ու ստորագրում, մյուսը՝ չես գնում զորավարժությունների, չես նշանակում քո ներկայացուցչին, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի: Դրանք նույնպես մեսիջներ են:
– Մենք նաև երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք ունենք: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված՝ 2021թ. իրադարձությունները: Տեսեք՝ մենք, օրինակ՝ 2020թ.-ին ՀԱՊԿ-ի հետ կապված պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ էլ՝ Ռուսաստանի Դաշնության, բայց 2021թ. Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ, մենք այո՛, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել և շարունակում ենք բարձրացնել: Եվ այդտեղ մեր գնահատականները չեն փոխվել:
Բայց ուզում եմ նաև մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնության նախագահի և իմ միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. 2018թ. Սոչիում` մայիսին էր, թե հունիսի սկզբին, առաջին մեր խոսակցությունը եղել է հետևյալի մասին. Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց, որ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է և այլն, և այլն: Եվ ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա, և մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց նաև մյուս կողմից հենց իմ նշած պարագաներում, մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք և խոսում ենք դրանց մասին:
– Այսինքն ճի՞շտ եմ հասկանում Ձեր մոդելը, որ մենք վեկտոր չենք փոխում և Ռուսաստանի հետ շարունակում ենք մնալ ռազմավարական համագործակցության երկիր, ինչպես մենք պետք է հարգենք այն, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի մեզ թշնամի երկրների հետ և շահեր ունի, այնպես էլ Ռուսաստանը պետք է հարգի մեր հարաբերությունները այլ երկրների հետ, որոնք, գուցե, Ռուսաստանի սրտով չեն, և այդ հարաբերությունները միմյանց դեմ չեն կառուցվում:
– Ես ոչ թե այդպես կձևակերպեի, մեծ հաշվով այո՛, բայց մենք դա պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր առաջին խոսակցության ժամանակ, ամենաառաջին խոսակցության ժամանակ: