23.11.2024
Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Չլուծված որևէ հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ. Փաշինյանը՝ անկլավների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տված հարցազրույցում անդրադարձել է Ալիևի այն հայտարարությանը, թե  պահանջում է ազատագրել իրենց անկլավները: Այս հայտարարությունն արվել էր Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում:


Թշնամի երկրի նախագահը, մասնավորապես, ասել էր, որ 8 գյուղ է պահանջում Հայաստանից:  


Նախքան հարցին ուղիղ պատասխանելը, Փաշինյանն ասաց, թե ուզում է, որ համատեքստն ընդհանուր պատկերացնենք:

"Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ և չստորագրեց կամ որո՞նք են վարկածները: Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: Սա մի տեսակետն է:


Երկրորդ մեկնաբանությունը, որն, ընդ որում, առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի, այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Եվ դրա համար նրանք փորձ կարող են անել, կամ կա այդպիսի մեկնաբանություն, օրինակ՝ մի շարք թեմաներ կան, որոնք նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար: Սա է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները կամ Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են Հայաստանի շահերից և Հայաստանի անվտանգության շահերից:


Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես:


Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021 թվականին և ասել, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք: Սրանք շատ կարևոր նրբություններ են: Ես հասկանում եմ, որ մենք արագ ասում ենք, բայց երբեմն մեր հանրությունը նրբությունները ճշգրիտ չի հասցնում կարդալ և ըմբռնել:


Այսինքն՝ ենթադրենք, վերցնում ենք 1975թ. կամ 1975-1978 թթ. քարտեզները: Ընդ որում՝ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, ըստ էության, Խորհրդային Միության ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, Հայաստանի Հանրապետության տարածքի գնահատականը նույնն է՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Ես ինչո՞ւ եմ սա ասում: Ասում եմ այն նկատառումով, որ շատ մեծ քննարկումներ կան, որ այս թվի քարտեզը, այն թվի քարտեզը... այո, այդ քարտեզների մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն, որովհետև եթե այս քարտեզում այս մի տարածքը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, այն մյուս տարածքը չի վերապահված Հայաստանի Հանրապետությանը, հաջորդ քարտեզում այն տարածքը, որ վերապահված չէր, վերապահված է, այն տարածքը, որ վերապահված էր, վերապահված չէ: Այսինքն՝ ընդհանուր տարածքի գնահատականը դրանից չի փոխվում: Եվ հետևաբար՝ մենք ասում ենք, եկեք հասցեագրենք հարցերը, որովհետև հասկանում ենք, և փորձը մեզ դա ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց կամ լուծման ռելսերի վրա չդրված որևէ հարց «իքս» պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ:


Այսինքն՝ այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում, որովհետև շատ պարզ ուզում եմ նաև իմանաք, թե մենք ի՞նչ ենք խոսում բանակցությունների ընթացքում: Ասում ենք՝ շատ լավ, եթե օրինակ կողմերից որևէ մեկը մյուսին պետք է վերադարձնի որևէ տարածք, խոսքը վերաբերում է երկու կողմերին էլ, որովհետև, այո, Դուք նշեցիք՝ Ջերմուկում մենք խնդիր ունենք, այլ տեղերում և այլն, ենթադրենք հիմա զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի որևէ հարց լուծվի այդ առումով, այս բնագծից պետք է նահանջեն, ճի՞շտ է: Հիմա պիտի նահանջեն, գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն, այսինքն՝ երկու դեպքում էլ զորքերն ա կետից պետք է նահանջեն ո՞ր կետում կանգնեն:


Ենթադրենք քարտեզի վրա դրվում է, ասվում է այս կետը. այդ կետը ո՞նց ենք որոշելու, որ սա է այդ կետը և ոչ թե 5 կմ առաջ կամ 2 կմ հետ: Ո՞նց ենք որոշելու կողմերի դիրքորոշումը: Որոշվում է ըստ քարտեզի: Այսինքն՝ եթե կա քարտեզ, կա կետ, նշանակում է կա սահման, եթե այս կետում սահման կա, չի կարող սահմանը լինել միայն այդ կետում, դա նշանակում է՝ գոյություն ունի ամբողջ երկայնքով սահման: Հետևաբար՝ մենք պետք է ճշգրտվենք ըստ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմանների: Կարողացա՞ միտքը բացատրել, որովհետև նրբությունները շատ բարդ են",- ասաց Փաշինյանը: