VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է։ Համենայն դեպս դա է ապացուցում պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԾ-ն։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ այդ ոլորտը ցույց է տվել 7.7 տոկոս աճ։ Տեղեկություններ կային, որ ծառայությունների ոլորտի երկնիշ աճերը տեղի են ունենում կազինոների հաճախելիության ավելացման հաշվին։ Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական տվյալներ չկային։ Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է վիճակագրական տարեգիրքը, որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա է։ Այսպես, ՀՀ մարզերում և Երևանում ծառայությունների ծավալը աճել 12-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով, և միայն Կոտայքում՝ մոտ 90 տոկոսով։ Ստացվում է, որ մեր տնտեսության շոգեքարշը կազինոներն են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»: Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որեւէ հայ, որը դիմում կգրի եւ կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միեւնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում բոլորը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով: Ընդ որում՝ եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա: ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը․ Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ․ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ: Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու
Սամվել Ալեքսանյանը` 2 դեմքով`
Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի: Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը: Զեյթուն-Քանաքեռ-Ավանում` Միհրան Պողոսյանը եւ Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներձագը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած տնտեսվարողն անհայտ անձանց կողմից հանրապետության տարածքում խոչընդոտների է բախվել, որից հետո քաղաքացու ահազանգի հետքերով գնացած օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ տնտեսվարողը ստացել էր աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու եւ բիզնեսին խոչընդոտողին բացահայտելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի եւ այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»: Դե ինչ, սպասենք, տեսնենք»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ հանդիպումների մեջ է քաղաքական ուժերի եւ առաջնորդների հետ: Ծառուկյանի դաշինքը կարող է ամենաընդգրկունը լինել: Սակայն Ծառուկյանը կարծես իր նախկին գործընկերների հետ չի շտապում հանդիպել եւ ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը բացառում է երկու ուժի՝ «Համախմբման» եւ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, թեեւ վերջիններս հույսը չեն կտրում, որ դեռ համագործակցության եզրեր հնարավոր են»: