VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր
Խաչիկ Մանուկյանն աննախադեպ ակտիվացել է մարզում, նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ նոր վարչապետի նշանակումից հետո գործերը լավացել են, կարողանում է բենզին ներկրել ու պատրաստվում է նորից պատգամավոր դառնալ հարազատ Արագածոտնի մարզից։
Մանուկյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։ «Միայն իմ ցանկությունը քիչ է»,- ասել է նա։ 2012-ին Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել
Մնացական Մնացականյանին, դրանից առաջ Մանուկյանն էր այդ տարածքից պատգամավոր դարձել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների հաջորդ թիրախը մաքսակետերն են: Օրերս
Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել
Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ
Արտաշես Բեյբությանին:
Հարկայինի մեր աղբյուրը մի ուշագրավ պատմություն հիշեց՝ կապված նորանշանակ պետի հետ: «2010-2011 թվականներն էին, Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել էր սեփական մեքենաներով չգալ, բոլորը երկու օր պատանդ էին մնալու այդ տարածքում: Հյուրանոց ժամանելուց հետո անակնկալի եկանք՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:
Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»»,–գրում է թերթը։
«Իրավունք» թերթը գրում է. «Զանգահարեք իմ տղային, հարցրեք։ Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր
Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մտադրության մասին «Իրավունք»-ի հարցին: Ենթադրում ենք Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն:
«Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված։ 33 տարեկան է եւ որոշումներ կարող է կայացնել։ Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում։ Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ։ Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա, որ գրում են հայրերը եւ որդիները, մեզ չի վերաբերում (նկատի ունի հոր միջնորդությամբ պատգամավոր դառնալը-խմբ.)։ Անդրանիկ Մանուկյանը, այնուամենայնիվ, չի հերքել իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ երկու տարի տևած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր
Թևան Պողոսյանի և ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը:
Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում շուրջ երկու տարի տևած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝ ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը: Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թևան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար»,–գրում է թերթը։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ:
ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի նաև 35.7 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել, ընդ որում Հայաստանից իր կապիտալը հանած երկրների մեջ առաջատարը ՌԴ-ն է, երկրորդ տեղում՝ Լիբանանը: Այս ցուցանիշները հերթական վկայությանն են այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է օրհասական վիճակում և սա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, անգամ՝ արդեն մեկ տարի է կառավարությունն ընդունել է «Հայաստանում ներդրումային քաղաքականության հայեցակարգ» անվանումով փաստաթուղթ, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»,–գրում է թերթը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի մեծ ալիքը սպասվում է ԱԺ ընտրություններից հետո: Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ», – գրում է թերթը։