26.11.2024
Մահապատժի ենթարկել այն հային, որը կոչնչացնի ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը. Ասրյան
prev Նախորդ նորություն

Միջազգային համաձայնագրի վավերացումը թույլ կտա բարելավել հարկերից խուսափելու դեմ պայքարը

Համաձայնագրի նպատակն է ստանդարտացված եւ արդյունավետ մեխանիզմի ապահովումը՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ «Մեծ քսանյակի» (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին համապատասխան: Այդ ստանդարտի ներդնումը հնարավորություն կտա բարելավել հարկային օրենսդրությունը եւ հարկերից խուսափելու դեմ պայքարը:


Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի իրավական հիմքը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիան է, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2019 թվականին:


Նրա հավաստմամբ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա պարտավորվում է ապահովել իրավասու մարմինների կողմից ավտոմատ կերպով համաձայնագրի 2-րդ հոդվածում ներկայացված տեղեկությունների փոխանակումը՝ միասնական հաշվետվողական ստանդարտի սխեմայով՝ նշագրման ընդլայնվող լեզվով:


Ըստ այդմ՝ կկիրառվեն փոխանակվող բոլոր տեղեկությունների նկատմամբ գաղտնիության պահպանման կանոնները եւ այլ երաշխիքներ, այդ թվում՝ փոխանակվող տեղեկությունների օգտագործումը սահմանափակող դրույթներն այն չափով, որը պահանջվում է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար:


Նշվել է, որ կապահովի իրավասու մարմինների կողմից տվյալների փոխանցման մեկ կամ մի քանի մեթոդների մշակումը, այդ թվում՝ գաղտնագրման չափանիշները՝ ստանդարտեցումն առավելագույնի հասցնելու եւ բարդություններն ու ծախսերը նվազագույնի հասցնելու համար:


Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ համակարգող մարմնի քարտուղարությունն անհապաղ կտեղեկացվի գաղտնիության պարտավորության ցանկացած խախտման կամ երաշխիքների չկատարման եւ արդյունքում կիրառված ցանկացած պատժամիջոցի եւ հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկված գործողությունների վերաբերյալ եւ այլն:


Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:


Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը: