Ազգային Ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որը նոր պահանջներ է դնում քաղաքական ուժերի առջև:
Նշենք, որ այսօր Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն: Ներկայումս կուսակցության համար պարտադիր է համարվում 200 անդամ ունենալը, որը վեց ամսում պետք է դառնա 2000: Նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ 100 անդամ, իսկ կուսակցության գրանցման պահին՝ 1000 անդամ:
VERELQ-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի հիմնական մեխը և գաղափարախոսությունն այն է, որ իրականում հեշտացվում է կուսակցությունների գրանցման գործընթացը՝ պետությանը դուրս մղելով կուսակցությունների գործունեության գրանցման ընթացքում նրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ կիրառելուց, համարելով, որ դա պետության գործը չէ գնահատել կուսակցության ընդհանրապես ինչպիսին լինելը.
«Կուսակցության ինչպիսին լինելը և դրա քաղաքական դերակատար լինելու աստիճանը որոշում է ընտրողը թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների, թե՛ համապետական ընտրությունների ժամանակ»,- ընդգծեց նա:
Շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ
Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ շուտով մարդ-կուսակցությունները կվերանան: Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ նոր օրե՞նքն է համապատասխան մեխանիզմներ ստեղծելու դրանց գոյության դեմ.
««Կուսակցությունների մասին» օրենքը ոչ թե պետք է կոնկրետ մեխանիզմներ առաջարկի, որ անհատները կուսակցություններ չղեկավարեն, այլ ընդամենը կարող է մի քանի դրույթ առաջարկել ներքին ժողովրդավարության հետ կապված: Այդպիսի առաջարկներ արդեն հնչել են, որոնք կքննարկվեն նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, թեև ավելի շատ թե՛ մենք, թե՛ մեր միջազգային գործընկերները հակված ենք, որ այդ ամենը թողնվի կուսակցության կանոնադրութւյանը: Այսինքն՝ կուսակցության բոլոր անդամները մասնակցային գործընթացում կամ մասնակցային ձևով ներգրավված լինեն կուսակցության կարևորագույն որոշումների կայացմանը: Բայց սա դետալային և գերկարգավորված մակարդակով չպետք է լինի ամրագրված «Կուսակցությունների մասին» օրենքով»,- ասաց նախարարը:
Իրականում, նրա խոսքով, կուսակցությունների ներքին ժողովրդավարության խնդիրներն օրենքով ամրագրելը և խիստ կանոնակարգելը առաջացնում է հակառակ ռեակցիան, այդ թվում և միջազգային գործընկերների կողմից, որովհետև կուսակցությունն ինքը պետք է որոշի իր խաղի կանոնները: Իսկ խորհրդարանական հանրապետությունը, համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը, պարտադրանքով կբերի նրան, որ կուսակցությունները պետք է զարգանան.
«Օրինակ, «ԱԺ կանոնակարգ» օրենքը քննարկումների լայնածավալ դաշտ է ամրագրում և լուրջ քննարկումների բեռը տեղափոխում է դեպի հանձնաժողովներ: Սա նշանակում է, որ այդ կուսակցություններում ընդգրկված պատգամավորները կամ անդամները պետք է ունակ լինեն այդ բեռի տակից դուրս գալու: Եվ դա նշանակում է, որ կուսակցությունն ինքը, ուզի թե չուզի, մարդ-կուսակցություններից պետք է դուրս գա և ներկայանա շատ ավելի լայն ներկապնակով, որը առաջին՝ ընտրական փուլում իրեն կապահովի հաջողություն, իսկ երկրորդ փուլում՝ Ազգային Ժողովում հնարավորություն կտա ունենալ ուժեղ խմբակցություն և խորհրդարանական հանրապետությանը բնորոշ գործիչներ»,- ներկայացրեց նախարարը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Սահակյանն էլ
VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակ է այս օրենքը կարևորվել.
«Ընդհանուր մոտեցումն այն է, որպեսզի կարողանանք քաղաքական դաշտում հիմնական դերակատարների համար ստեղծել նպաստավոր պայմաններ և ապահովվի նրանց անկախությունը: Մի շարք պարտադիր պայմաններ, որ գոյություն ունեն այսօր, կհանվեն. օրինակ, հանվել է այն պարտադիր դրույթը, որ կուսակցությունը երկու տարին մեկ պետք է համագումար անցկացնի, նոր օրենքով հինգ տարին մեկ է համագումար անցկացվելու: Այսինքն՝ օրենքը սահմանում է հիմնական գործառույթները, իսկ կուսակցությունն իր ներքին կարգապահությունը և այլ գործառույթները կկանոնակարգի ըստ սեփական կանոնակարգի»,- ասաց նա:
Հայաստանում ներկա դրությամբ գոյություն ունի ավելի քան 70 կուսակցություն, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է սահմանելու օրենքը այս իմաստով: Սահակյանի խոսքով՝ որոշակի դրույթներ կան, որ նոր սահմանումներ են տալիս և պարտադրում, օրինակ, որ կուսակցության գրանցման պահին այն պետք է ունենա նվազագույնը 1000 անդամ: Բայց պատգամավորի կարծիքով՝ կուսակցությունների գործունեության համար կարևորը ոչ թե օրենքն է, այլ ընտրությունները, որովհետև ցանկացած քաղաքական ուժ ստեղծվում և նպատակ է իր առջև դնում գալ իշխանության ու սեփական ծրագրերն իրականացնելը: Իսկ եթե նման նպատակ չունի, ապա, ըստ նրա, կուսակցության փոխարեն կարող է ստեղծվել հասարակական կազմակերպություն:
Ինչ վերաբերում է մարդ-կուսակցությունների գործունեությանը, ապա Հովհաննես Սահակյանը նշեց, որ դրանք օրենքի խնդիրը չեն, այլ իր հնչեցրած նախկին թեզի շարունակության տրամաբանության մեջ են.
«Եթե քաղաքական ուժերը չմիավորվեն և միավորման ճանապարհով չմասնակցեն ընտրություններին, կարծում եմ, որ դրանք պարզապես տեղ չեն ունենա քաղաքական դաշտում, քանզի յուրաքանչյուր ուժ, կրկնեմ, քաղաքականության մեջ նպատակ ունի գալու իշխանության և սեփական ծրագրերն իրագործելու»,- հավելեց հանձնաժողովի նախագահը: