26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց
prev Նախորդ նորություն

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Բացի այդ, Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում է ընդունվել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում երկրի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման համար։

«Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում: