26.11.2024
Նախարար. Այլևս պետության գործը չէ գնահատել կուսակցության ինչպիսին լինելը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան պատրաստ է աջակցել ժողովրդավարության նույն արժեքներին ձգտող Արցախին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլյեին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շրջանակի ստեղծումից ի վեր նոր հնարավորություններ են ի հայտ եկել երկու երկրների խորհրդարանների պատգամավորների միջեւ՝ հարաբերությունները բարեկամական մակարդակի բարձրացնելու համար եւ այդ հանգամանքը թույլ կտա ավելի շատ սպասումներ ունենալ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ծրագրերից:

«Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին ժամերից մենք զգացինք ֆրանսիացի բարեկամների անկեղծ մտահոգությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Այն արտահայտվեց նրանց ընդունած հայտարարություններում, տարբեր հարթակներում ունեցած ելույթներում, ինչպես նաեւ մեր ֆրանսիացի բարեկամների մի մասի՝ Արցախ այցելությամբ: Այդպիսի հարաբերությունները հատուկ են միայն շատ վստահելի բարեկամների միջեւ եւ դրանք շատ թանկ են մեզ համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Էրվան Բինեն, ով Ֆրանսիայի Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, իր հերթին ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել Ֆրանսիայի հետ ժողովրդավարության նույն արժեքներին ձգտող եւ դրանք իրագործող երկրին:

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար եւ անչափ հետաքրքրված եմ խորհրդարանական դիվանագիտության շարունակականությունն ու զարգացումն ապահովելու եւ այն զարգացնելու գաղափարով»,- նկատել է Էրվան Բինեն:

2014 թվականին Վիեն-Հադրութ բարեկամության հռչակագիրը ստորագրած Ժակ Ռեմիլյեն նշել է, որ ամեն անգամ Արցախ այցելելով նկատում է տարբեր բնագավառներում կատարվող բարեփոխումները:

«Երջանիկ եմ գտնվել մի երկրում, որը ժողովրդավարության տուն է հիշեցնում եւ որտեղ տեղի են ունենում օրենքի տառին համապատասխան ընտրություններ»,- հավելել է Վիեն քաղաքի նախկին քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Արցախում ֆրանկոֆոնիայի զարգացման թեմային եւ խոսել են հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ ինչպես խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, այնպես էլ՝ օրենսդրական դաշտում փորձի փոխանակման հնարավորությունների համատեքստում: