28.11.2024
Նեթանյահուն Ադրբեջան կայցելի դեկտեմբերի 13–ին
prev Նախորդ նորություն

Պուտինը գաղտնիացրել է ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության մասին ինֆորմացիան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել «Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության մասին ՌԴ նախագահի 1995 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրում» փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդմ, այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները:

«Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության ցանկ ներառել Ռուսաստանի Դաշնության եւ օտարերկրյա պետությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ պետական քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման առանձին միջոցառումների մասին տվյալները, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետության անվտանգությանը»,-նշվում է հրամանագրում:

Ստացվում է, որ այսուհետ այլ երկրներին Ռուսաստանի կողմից ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի, մատակարարումների եւ այլ տեսակի համանման գործողությունների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Նման հրամանագրի ստորագրումը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նման քայլը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչություն ունի Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զինտեխնիկայի ու սպառազինությունների վաճառքի հետ: Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրեր ունի հարյուրից ավելի երկրների հետ: 2015 թվականին Ռուսաստանը 14.5 միլիարդ դոլարի զինտեխնիկա եւ սպառազինություն է վաճառել 58 երկրների: