Bloomberg. Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում 27 մլրդ դոլար են ծախսել սպառազինության վրա
Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը գնալով լուրջ խնդիր է դառնում. Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է գնում, իսկ Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու սարքեր Իսրայելից և բանակցում է Պակիստանից բարձր տեխնոլոգիական զենքի գնման շուրջ, հայտնում է Bloomberg-ը:
Համաձայն գործակալության, այդ ամենը տեղի է ունենում ապրիլյան վերջին սրացումից ամիսներ անց: Բրիտանական Chatham House հետազոտական կենտրոնի և ամերիկյան Bloomberg գործակալության փորձագետների կարծիքով՝ սպառազինության մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով սաստկանում է:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է մրցավազքը գնալով ավելի լրջանում: Իսկ դա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունն աճում է»,-ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիև:
Ադրբեջանն ու Հայաստանը վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա, որտեղ առաջատարն Ադրբեջանն է, որն իր նավթային եկամուտները վերածում է ռազմական գործոնի: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում:
Փորձագետները հիշատակում են Ադրբեջանի կողմից «կամիկաձեների» օգտագործումն ապրիլին Ղարաբաղում: Իսկ սեպտեմբերին արդեն Բաքուն հայտարարեց, որ մտադիր է սեփական «կամիկաձե» անօդաչուներն արտադրել Իսրայելի տեխնոլոգիայով:
Այդ հայտարարությունները հնչել են գրեթե զուգահեռ Հայաստանում «Իսկանդերների» ցուցադրմանը Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ հայկական կողմի մոտ «Իսկանդերների» հայտնվելուն Բաքուն պատասխանեց զորավարժություններով՝ C-300 զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ: Երկու կողմերը վիճաբանում են ուժերի բալանսի փոփոխման շուրջ: Հայ փորձագետները պնդում են, որ «Իսկանդերների» գնումը փոխել է ուժերի հարաբերակցությունը, քանի որ «այդ հրթիռային համակարգը կարող է կարևորագույն օբյեկտներ խոցել Բաքվում և ամբողջ Ադրբեջանում»: Բաքվում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ Հայաստանի ժխտում են:
Ամեն դեպքում, եզրակացնում է գործակալությունը, սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած սրացում էլ ավելի լուրջ է դարձնում: