Շարունակվում է ՀՀ տնտեսության առաջանցիկ զարգացումը, կարևոր դեր ունի ՌԴ-ն. Սաֆարյան
2024թ. մենք նշում ենք ԵԱՏՄ մասին Պայմանագրի ստորագրման 10-ամյակը: Հետաքրքիր է, որ այդ կարևոր իրադարձության հոբելյանի տարում Հայաստանը կրկին կնախագահի ԵԱՏՄ-ում: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նա տեղեկացրեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը հետազոտություն է կատարել եվրասիական տնտեսական ինտեգրման նշանակության մասին մեր երկրի սոցիալ տնտեսական զարգացման համար և արել է մի շարք առաջարկություններ այն միջոցառումների կապակցությամբ, որոնք կբարձրացնեն մեր փոքր երկրի քաշն ու նշանակությունը եվրասիական ինտեգրացիոն տարածքում:
Այդպես, ասաց Սաֆարյանը, ակնհայտ է, որ Հայաստանին ձեռնտու է մասնակցել այս ինտեգրացիոն մեգանախագծին:
"Շարունակվում է մեր տնտեսության առաջանցիկ զարգացումը, որտեղ կարևորագույն դեր է խաղում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը: Աշխարհի առաջատար վերլուծական-վարկանիշային կազմակերպությունները զգուշորեն կանխատեսում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել մոտ 4,5-5%-ով տարվա արդյունքում: Եվրասիական փորձագիտական ակումբը ծրագրում է անցկացնել այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մասշտաբային տնտեսագիտական հետազոտություն պրոֆեսոր Աշոտ Թավադյանի և պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերի ուժերով և օգոստոսի վերջին հանդես գալ այդ հետազոտության արդյունքների շնորհանդեսով: Մենք ունենք բոլոր հնարավորությունները լավատեսական կանխատեսում անելու համար, որ կներկայացնենք մի հուսադրող կանխատեսում մեր երկրի տնտեսական զարգացման վերաբերյալ 2023 և 2024թթ.-ին",- ասաց նա:
Արամ Սաֆարյանը նկատեց, որ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը ակնհայտորեն արդիական դարձրեց «Ետխորհրդային ինտեգրացիոն տարածք» հասկացությունը: Այս տարի, երբ ԵԱՏՄ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, գործադրվում են առավելագույն ջանքեր խթանելու համար եվրասիական տարածքում համագործակցության հետագա զարգացման ուղիների ինտելեկտուալ փնտրտուքը և, ինչը պակաս կարևոր չէ, այս մեգատարածաշրջանի երկրների հետագա մերձեցման գործընթացը:
"Եվ Երկրորդ եվրասիական կոնգրեսը, որն անցավ Մոսկվայում, և Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, և 2023թ. մյուս մասշտաբային միջոցառումները ցույց տվեցին, թե որքան կարևոր է մեծ եվրասիական տարածաշրջանի երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը արտաքին սպառնալիքների և մարտահրավերների մինիմիզացման համար: Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել նոր որոշումների այդ փնտրտուքին և դա բխում է հայ ժողովրդի շահերից: Նույնիսկ այժմյան դժվար պահին, երբ գլոբալ խաղացողները թշնամություն են անում, մրցակցում են և հակամարտում համարյա բոլոր համաշխարհային և տարածաշրջանային նշանակության հարցերում, մեր երկիրն առայժմ զբաղեցնում է կառուցողական դեր և փորձում է ներդաշնակեցնել իր իրական և պոտենցիալ հնարավորությունները տարածաշրջանի հարևանների հնարավորությունների հետ այն հաշվով, որպիսի ստանա ավելի մեծ օգուտ և ավելի մեծ շահ ծավալվող տնտեսական գործընթացներից: Շատ կարևոր է (և դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է) թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի աշխարհաքաղաքական նախապատվությունների հողի վրա հասարակական-քաղաքական բախումների թատերաբեմի: Սա չի բխում Հայաստանի շահերից և այդ մասին պետք է պարզ ու հստակ ասել", - նշեց նա:
Բանախոսը նաև հավելեց, որ պետք է լրջորեն նախապատրաստվել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան: