Հայաստանը պետք է լրջորեն նախապատրաստվի ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նա ընդգծեց՝ կասկած չկա, որ 10 տարի առաջ ընդունվել է ճիշտ որոշում ԵԱՏՄ մասին Պայմանագրին միանալու վերաբերյալ:
"Դա թույլ է տվել մեր երկրին ավելի մեծ չափով բացահայտել իր տնտեսական ներուժը և ապահովել տնտեսության շարունակական զարգացումը, ինչն էլ իր հերթին պետք է որ բարեբեր ազդեցություն ունենա մեր երկրի զարգացման վրա: Մենք կարծում ենք, որ 2023թ. մեր ձեռնարկները պարզ ցույց տվեցին, որ Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրների հետ համագործակցությունը գնալով ավելի մեծ թվով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների է սկսում հետաքրքրել և սա իրական գործընթաց է: Լավագույն ուսանողական գիտական աշխատանքի և երիտասարդ գիտնականի լավագույն հոդվածի մեր մրցույթները «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից իրավիճակ և տեսանելի հեռանկարներ» թեմայով հետաքրքրեց Հայաստանի շատ բուհերի երիտասարդ գիտնականներին և ուսանողներին: Երկու հաղթող, 9 մրցանակակիր և 8 գովասանագրի արժանացածներ շուտով կստանան իրենց պարգևները` համակարգիչներ, բջջային հեռախոսներ և ականջակալեր: Այդ մրցույթները, որոնք անցել են ԵՊՀ ղեկավարության բարյացակամ վերաբերմունքի պայմաններում, ցույց տվեցին, թե որքան շատ են մեր երկրում երիտասարդ մարդիկ, ովքեր ուզում են Ռուսաստանի և ինտեգրացիոն տարածքի մյուս երկրների հետ ինտելեկտուալ համագործակցության գործում իրենց ներդրումն ունենալ",- ասաց նա:
Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2024թ. Եվրասիական փորձագիտական ակումբը կանցկացնի համազգային մրցույթներ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մասնակցությամբ «ԵԱՏՄ նշանակությունը Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման համար» թեմայով: ԵԱՏՄ հոբելյանական տարում իրենց հնարավոր ներդրումը կունենան եվրասիական ինտեգրման և նրա հեռանկարների վերաբերյալ առարկայական գիտելիքների տարածման գործում:
"ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում մենք կոչ ենք անում մեր երկրի իշխանություններին և գիտափորձագիտական հանրությանը խթանել հասարակական և գիտական բանավեճեր ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ: Անհրաժեշտ է շարունակել նոր, թարմ, հաճախ ոչ ստանդարտ, օրիգինալ որոշումների և մոտեցումների կառուցողական փնտրտուքը, որը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն տարածքի զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք պետք է հասկանանք, որ գլոբալ տնտեսական մրցակցության դարաշրջանում, քաղաքական անկայունության մթնոլորտում տարածաշրջանային փոխշահավետ տնտեսական համագործակցությունը սկսում է ստանալ հատուկ իմաստ և հանդիսանում է կարևոր երաշխիք ոչ մեծ երկրների իրական, այլ ոչ թե ձևական ինքնիշխանության համար: Եվրասիական փորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի իշխանությանը ծավալել երկխոսություն գիտափորձագիտական հանրության հետ, ներգրավել մեր երկրի գիտնականներին և փորձագետներին (ովքեր ներդրում ունեն ինտեգրացիոն գործընթացների հետազոտման գործում), նպատակ ունենալով ապահովել հայկական ուրույն ներդրում եվրասիական ինտեգրման հետագա խորացման ուղիների մեծ փնտրտուքում: Հայկական գիտափորձագիտական հանրությունը ունի ներուժ եվրասիական հեռանկարների գիտական փնտրտուքին արժանապատվորեն մասնակցելու համար",- ասաց նա:
Բանախոսը նաև կարևորեց, որ 2024թ. Հայաստանը դառնա այնպիսի նշանակալից միջոցառումների անցկացման հարթակ, որպիսիք են Եվրասիական շաբաթը և ինտեգրման թեմայով միջազգային համաժողովները:
"Մենք խնդրում ենք Հայաստանի իշխանություններին այդ և այլ միջոցառումների լիարժեք մասնակիցը դարձնել առավելագույն թվով գիտնականների և փորձագետների և, որ շատ կարևոր է, գիտական և ուսանողական երիտասարդության ներկայացուցիչների: Մենք պատրաստ ենք հայաստանյան ակադեմիական հաստատություններում և առաջատար բուհերում փնտրել շնորհալի երիտասարդների, որոնք հետաքրքրված են ինտեգրացիոն թեմաներով և ցանկանում են դրանով զբաղվել մասնագիտորեն: Ակնհայտ է նաև, որ մեր հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման տեմպից և ուղղություններից և այդ գործընթացի, որտեղ լոկոմոտիվ է հանդես գալիս Ռուսաստանը, կողմնակիցների թիվը որոշակիորեն նվազել է: Որպեսզի թույլ չտալ մեր հասարակությանը հեռանալ Ռուսաստանից, 2025թ. հետո թուլացնել ինտեգրման տեմպերը (նկատի ունենալով, որ այդ տարում են հասանելի լինելու կարևոր նպատակակետեր) մենք պարտավոր ենք հրավիրել հայկական երիտասարդության ուշադրությունն ու հետաքրքրությունը, ինչը, զգալի մասով նաև հասարակական-քաղաքական խնդիր է հանդիսանում: Այդ պատճառով էլ, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում մեր երկիրը պետք է եվրասիական տարածքին և միջազգային հանրությանը ցուցադրի, որ կարող է արժանապատվորեն և նշանակալից կերպով մասնակցել վերոհիշյալ գործընթացներին, օրինակ դառնալ հայ ժողովրդի շահերից և կարիքներից բխող խելացի, հավասարակշռված մասնակցության համար, ինչպես եվրասիական ինտեգրման գործընթացին, այնպես էլ Մեծ Եվրասիայում ընթացող տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին",- հավելեց Սաֆարյանը: