22.11.2024
Ադրբեջանի սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետացուների մրցավազքը սկսված է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, հետ չմնալով Տիգրան Ավինյանից, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։  Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ եւ թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով։ Մասնակցել են Բագրատ սրբազանը, Հրանտ Թոխատյանը, քաղաքագետներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, զոհվածների ծնողներ, սակայն հարազատ ֆրակցիայից միայն պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է եղել, ինչը նշանակում է, որ Թեւանյանի առաջիկա առաջադրումը դաշինքում միանշանակ չի ընկալվում։


Հավաքի մասնակիցները պատմեցին, որ Թեւանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի 2-րդ նախագահի աջակցությունը` Ռ. Քոչարյանն իր տրամադրության տակ է դրել իր ազդեցության դաշտում գործող քարոզչամիջոցներին, համակիր ակտիվիստներին, բլոգերներին, չի բացառվում, որ Թեւանյանին աջակցելու մասին նաեւ հրապարակային հայտարարություն անի։ Սա թերեւս լավագույն լուծումն է Քոչարյանի համար, ով ավելի լավ թեկնածու չունի եւ որոշել էր դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ դաշտն ազատ թողնելով: Թեւանյանի առաջադրումով կստացվի՝ ո՛չ լիարժեք մասնակցում է ընտրություններին, ո՛չ ֆինանս է ծախսում, ո՛չ հուսադրում մյուս թեկնածուներին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, որ նրան կպաշտպանի, բայց նաեւ ամբողջությամբ չի հեռանում ասպարեզից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն, «զուտ բարի կամքից դրդված», իր բաժեմասերի 21.9 տոկոսը փոխանցել էր կառավարությանը, որն էլ կառավարությունը սկզբում հանձնել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին կառավարիչը փոխվեց․ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ 1 հարկատուն էր, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով «Գազպրոմ Արմենիային»: «Գազպրոմը» վճարել է շուրջ 20 միլիարդ, իսկ ԶՊՄԿ-ն՝ 15 միլիարդ դրամ հարկ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն 35 միլիարդ դրամ հարկ էր վճարել, այսինքն՝ կոմբինատի գործերն ակնհայտորեն վատ են, սակայն շարունակում են Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ մուծվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության եւ թափանցիկության ռեկորդներ է սահմանում․ կառավարության երեկվա նիստում ընդգրկված 48 հարցից եւ ոչ մեկը զեկուցման ենթակա չէր, ընդ որում՝ երկուսը գաղտնի էին: Դրանցից մեկը վարչապետի աշխատակազմին էր վերաբերում, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայությանը։ Թերեւս հասկանալի է, թե ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջեւ է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաեւ ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության թիմերն ըստ մարզաձեւերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով՝ նախաքննական մարմինը ուշագրավ հանգամանք է քննում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը քննում է վարկած, որ 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։ Այստեղ նաեւ հիշեցնենք, որ հրդեհից հետո Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւս կոչ էր արել դիտարկել հակառակորդի կողմից նմանօրինակ սադրանքի իրականացման հավանականությունը, եւ հիմա նախաքննական մարմինն այս վարկածը քննում է: Իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44 պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինհանի հետ: Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 եւ ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անում երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, որոնց ներկայությամբ ծնողները ասել են, որ նրանք շուրջ երեք տարի է ինչ աշխատում են, բայց իրենց հայտնած ինֆորմացիաներից ավել ինֆորմացիա քննիչները չեն գտնում ու սա խոսում է այն մասին, որ նրանց աշխատանքը թերի է։ Տեղեկացանք, որ ծնողներից մեկը զայրացել ու հեռացել է հանդիպումից։ Մի քանի ծնող զրույցի ժամանակ զայրույթից ոտքի են կանգնել, սակայն նրանց հանգստացրել են մտերիմները։ Ծնողները պահանջել են գտնել իրեն երեխաներին, հարց բարձրացնել, թե ինչու Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները, չի վերդարձնում իրենց երեխաներին։


Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը: «Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվել՝ փորձելով փրկել իրավիճակը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին: Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով: Այսինքն՝ իշխանությունների գերնպատակն այս պահին կրթության ոլորտում ակադեմիական քաղաքի ստեղծումն է:


Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ կրթական ոլորտում կյանքը կանգնեցրել են ու զբաղվում են հիմնականում ակադեմիական քաղաքի ստեղծման հարցով: Այժմ միայն դիմորդների ընդունելությունն է ակտիվ ընթանում, սակայն մյուս ուղղություններով ոչինչ չի արվում: Կարող ենք ասել,որ մի քանի բուհեր են, որ այժմ ունեն դիմորդներ, իսկ մարզային բուհերի շատ մասնաճյուղերում դիմորդներ չկան: Սակայն սա, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում իշխանություններին, եւ իրենք զբաղված են կրթության ոլորտի բարեփոխումներով. ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները բաժանել են ոլորտների, ստեղծել հիմնադրամ, որն էլ գերծանրաբեռնված աշխատում է, որ կյանքի կոչի իշխանությունների ծրագիրը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց հիմնադրամի նախագահ Արմեն Սիմոնյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նկատենք, որ պլանավորված ակադեմիական քաղաքի ստեղծումը կոմունիկացիոն, քաղաքային պլանավորման եւ այլ հարցերում լրջագույն խնդիրներ է ստեղծելու, մասնավորապես, որ նույն ժամին միանգամից մի քանի հազար մարդիկ պետք է հասնեն դասի՝ դասախոսներն ու ուսանողները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերի բացահայտման համար: Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:


«ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանականները դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը, ուստի, տարբեր պատճառաբանություններով, փորձում են տապալել այս գործընթացը՝ մեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հարցում են առարկություններ ներկայացնում, մեկ հանձնաժողովի կազմի, մեկ՝ դրա գործառույթների, այդպիսով՝ ընդդիմության առաջարկած որեւէ տարբերակի հետ համաձայն չեն: Եթե ՔՊ-ականներին եւ ընդդիմադիրներին, ի վերջո, հաջողվի այս հարցում համաձայնության գալ, ապա նախագիծը կընդգրկվի ԱԺ հաջորդ նստաշրջանի օրակարգում: Հուսանք, որ այս հանձնաժողովի շրջանակներում քննության առարկա կդառնա նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքը, ում մասով քաղաքացի Տաթեւ Վիրաբյանն արդեն դիմել է Ազգային ժողով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա, ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան: 2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորություննները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է, իսկ մյուս որդին ՊԵԿ-ում է աշխատում: Ինչ վերաբերում է որդու փոխթաղապետ նշանակվելուն՝ Աղազարյանը կարծում է, որ իր տղան, ընդունակությունների համեմատ, ցածր պաշտոն է զբաղեցնում. «Դա արդյունք է այն բանի, որ նա երկար ժամանակ է՝ մեր թիմի կողքին է: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու են պաշտոնների նշանակելու, նկատել են նրա ընդունակությունները: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում աշխատող իմ որդուն, նա մեկ տարուց ավելի աշխատել է այնտեղ, երբ քննություն պետք է լիներ, նա չհաղթահարեց շեմը. վաղուց դուրս է եկել ՊԵԿ-ից, այնտեղ չի աշխատում»,-ասաց Հովիկ Աղազարյանը: