24.11.2024
Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում
prev Նախորդ նորություն

Տնտեսության մեջ գրանցվող աճերը հետագա ամիսներին կսկսեն դանդաղել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

2023 թվականին ՀՀ տնտեսությունում շարունակվում են պահպանվել նախորդ տարվա բարձր աճի ապահովման հիմնական գործոնների ազդեցությունները, ինչի արդյունքում գրանցվում է տնտեսական ակտիվության  բավական բարձր աճ: Սակայն, պետք է նշել, որ նախորդ տարի տնտեսական աճն արագացնող գործոնները (դրական արտաքին շոկերը) սկսեցին արտահայտվել մակրոտնտեսական ցուցանիշներում ապրիլ-մայիս ամիսներին, մինչդեռ 2023թ. հունվար-փետրվարը համեմատվում է նախորդ տարվա բնականոն (առանց դրական շոկի) ամիսների հետ: Այս մասին ասվում է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի՝ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների ուսումնասիրության մեջ:

"Այս իրավիճակը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ գրանցվող աճերը հետագա ամիսներին կսկսեն դանդաղել, քանի որ կսկսենք համեմատել արդեն նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնցում առկա են դրական շոկի ազդեցությունները: Այնուամենայնիվ, 2023թ. փետրվարին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) արագացում, որը կազմել է 11.3%՝ հունվարի 10.5%-ի դիմաց: Կուտակային՝ հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 10.9%, որը, սակայն, ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից շուրջ 0.5 տոկոսային կետով: 


Նշվում է, որ արդյունաբերության ոլորտում աճի տեմպը դանդաղել է` առանց այդ էլ ցածր մակարդակից: Ընթացիկ տարվա փետրվարին արդյունաբերության աճը կազմել է 0.7%՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 0.7 տոկոսային կետով: Հունվար-փետրվար ամիսների աճը կազմել է բավական ցածր՝ 1.0%՝ զգալիորեն զիջելով ՏԱՑ-ի աճին:


Ինչ վերաբերում է պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշներին, ապա դրանք ևս նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ
կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, և հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաև 2023-ին: 


Մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ այս հղումով