6.12.2024
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 17 տարի է անցել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կհամալրի ՀՀԿ շարքերը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ։ Կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն։ Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները։ Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ։ Եվ մեր աղբյուրների փոխանցմամբ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությունն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել։ Հատկապես, որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է և կարճ ժամանակ անց ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գործարար Սամվել Կարապետյանը. նա Հայաստան է եկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Այցի հիմքում ընկած են գազի գնի իջեցման բանակցությունները, որոնք սկիզբ էին առել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին։ Ի շարս այլ հանդիպումների, երեկ Միլլերը հյուրընկալվել է ՀՀԿ գրասենյակում, հանդիպել Հովիկ Աբրահամյանին: Թե ինչ են խոսել, եւ դա հետագայում ինչ հետեւանքներ կունենա, հայտնի չէ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Աբրահամյանը դեռ չի հանձնել «միգալկաներով» ուղեկցող ավտոմոբիլը. երեկ նա դրանով էր «դռայվ» անում դեպի Մոնումենտ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, եւ նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆ»-ի որոշումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը: Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաեւ գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ մարզի ոստիկանության համակարգում սկսված կադրային ջարդը շարունակվում է: Հոկտեմբերի 20-ին պաշտոնանկ է արվել նաեւ Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադեւոսյանը: Ըստ սյունեցիների՝ վերոնշյալ ոստիկաններց շատերը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն են եղել: Մեր տեղեկություններով՝ օրերս նորանշանակ մարզպետը գնացել է Սիսիան քաղաք, եւ ըստ սիսիանցիների՝ սպասվում է, որ առաջիկայում այդ քաղաքի բուժհաստատությունների տնօրենները եւս կփոխվեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով զգացվում է մի բանի պակաս, որն ամենևին էլ վեր չէ մեր ուժերից` որպես հասարակություն և պետություն: Դա կատարվածի քաղաքական պատասխանատվության հարցն է: Որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ ութ պաշտոնյաների մահը սգացող հասարակությունը, որը տասնյակ հազարներով դուրս էր եկել փողոց նրանց վերջին հրաժեշտ տալու, այդպես էլ չդրեց այդ պաշտոնյաների մահվան հանգեցրած ոճրագործության համար քաղաքական պատասխանատվության հարց: Խնդիրն այստեղ ամենևին էլ հանցակցությունը չէ: Չարժե այժմ ավելորդ պնդումներ անել առանց փաստական հիմքերի, առավել ևս, որ այդ պնդումներն էլ արվել են, արվում են ու թերևս կարվեն: Խոսքը այստեղ օրվա իշխանության քաղաքական պատասխանատվությունն է կատարվածի համար, որովհետև երկրում տեղի է ունեցել իսկապես մասշտաբային, հանդուգն և ցինիկ մի ոճրագործություն, որը կատարողները կարծես թե որևէ դժվարության չեն հանդիպել այդ գործողության ճանապարհին: Եթե իրավական պատասխանատվությունը մասնագիտական լուրջ աշխատանք է պահանջում, որքան էլ որ ոմանք համարեին դա «ուչաստկովիի» մակարդակի գործ, ապա քաղաքական պատասխանատվությունն ընդամենը պահանջում է հասարակական-քաղաքական կամք, սկզբունքայնություն, հետևողականություն: Այդ ամենը, դժբախտաբար, ոճրագործությունից հետո տեղի չունեցավ և հանրությունը չփորձեց դնել քաղաքական պատասխանատվության հարցը: Նույնիսկ քաղաքական դաշտն իր ամբողջության մեջ չգնաց այդ քայլին: Բանը ընդամենը հայտարարություններից և ասուլիսա-հարցազրուցային դրվագներից այն կողմ չանցավ, իսկ դրանց մասնակիցների մի մասն էլ ընդհանրապես անցավ օրվա իշխանության կողմը, որին քաղաքական պահանջներ էին ներկայացնում մինչ այդ: Եվ խնդիրն այստեղ ամենևին այն չէ, թե ով ինչ վերաբերմունք ուներ սպանված պաշտոնյաների հանդեպ: Խնդիրն այստեղ այն է, որ պետությունը ենթարկվում է ահաբեկության, ինչը նշանակում է, որ հասարակությունն այդ դեպքում արդեն ինքն իրեն պետք է համարի խոցված թիրախ: