4.12.2024
Մելիքյան. Ջեյմս Ուորլիքը պետք է իմանա, որ Հայաստանը օկուպանտ չէ
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 17 տարի է անցել

17 տարի է անցել ՀՀ Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչությունից, որի ժամանակ գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հինգ զինված անձինք ներխուժեցին նիստերի դահլիճ ու գնդակահարեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վերջինիս երկու տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին: Զոհվեցին նաև երեք պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը և Հենրիկ Աբրահամյանը, ինչպես նաև նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Պատգամավորներից մի քանիսը վիրավորվել էին:

Զինված հանցախումբը պատանդ էր վերցրել շուրջ 40 անձ, որոնք ազատ արձակվեցին միայն հաջորդ առավոտ՝ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանի բանակցություններից հետո:

Հանցախմբում, բացի Նաիրի Հունանյանից, ներգրավված էր վերջինիս եղբայրը՝ Կարեն Հունանյանը, նրանց հորեղբայր Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Նրանց նկատմամբ դատական գործընթացը մեկնարկեց 2001 թվականի փետրվարի 15-ին, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին առաջին ատյանի դատարանը Հունանյան եղբայրներին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Ի դեպ, Վռամ Գալստյանը մահացել է 2004 թվականին, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն գործելով:

Դատական գործընթացը, ինչպես արդեն նշեցինք, տևեց երեք տարի, սակայն ոչ նախաքննությունը, ոչ դատարանում լսումները թույլ չտվեցին վերջնական պատասխան տալ հարցին՝ արդյո՞ք ահաբեկիչները ինքնուրույն էին գործում, թե ինչ-որ մեկի պատվերով: