4.12.2024
Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ Doing Business 2017 զեկույցում
prev Նախորդ նորություն

Մելիքյան. Ջեյմս Ուորլիքը պետք է իմանա, որ Հայաստանը օկուպանտ չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավարտեցին այցը տարածաշրջան, որի նպատակն էր ծանոթանալ իրավիճակին տեղում, ինչպես նաև պատրաստել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ամփոփելով այցի արդյունքները, ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկա իրավիճակը գնահատել են իբրև «հարաբերականորեն հանգիստ» և շեշտել, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար:

VERELQ-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը նշեց, որ թեև առկա է այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ փոփոխություններ են սպասվում, բայց ինքը առաջիկա ամիսների ընթացքում կարգավորման գործընթացն արագացնելու իրատեսական ու արդյունավետ հեռանկար չի տեսնում: Մելիքյանի խոսքով՝ անգամ եթե ինչ–ինչ պաշտոնական հանդիպումներ լինեն, ապա դրանք ընդամենը բանակցային գործընթացը կենդանի պահելու նպատակ են հետապնդելու:

Արձագանքելով դիտարկմանը, թե արվում են հայտարարություններ, անընդհատ հնչում է տարածքների վերադարձի թեզը, Իլհամ Ալիևն էլ իրարամերժ հայտարարություններ է անում՝ մեկ Ղարաբաղը ոչնչացնելու պատրաստակամության մասին, մեկ ԼՂ-ին ինքնավարություն տալու և հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել այդ շեշտադրումների կտրուկ փոփոխությունները, քաղաքական գործիչը նշեց.

«Ալիևը խոսում է ԼՂԻՄ սահմաններում արցախահայությանն ինքնավարություն տրամադրելու իր պատրաստակամության մասին, եթե ներկայումս Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվող մնացյալ տարածքները հանձնվեն Ադրբեջանին: Ըստ էության, նրա այդ թեզը հակադրվում է անգամ Մադրիդյան սկզբունքների տրամաբանությանը, որը նախատեսում է երկրամասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացում հանրաքվեի միջոցով: Այլ հարց է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման հնարավորություն ես չեմ տեսնում, էլ չեմ խոսում՝ Ալիևի բարձրաձայնած տարբերակի մասին»:

Ինչ վերաբերում է«օկուպացված տարածքները» վերադարձնելու մասին իբրև թե Բաքվում ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը, որը նա այդպես էլ չկրկնեց Երևանում կայացած ասուլիսում, թեև անդրադարձավ խնդրի փաթեթային լուծման անհրաժեշտությանը, Արման Մելիքյանը հիշեցրեց, որ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականին՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված արցախյան հակամարտությանը վերաբերող չորս բանաձևերում և դրանցում հստակ ընդգծված էր, որ Հայաստանն այդ տարածքների «օկուպացման» հետ որևէ կապ չունի:

«Հուսով եմ, որ պարոն Ուորլիքը տեղյակ է այդ մասին: 1988-1992 թվականների ընթացքում ադրբեջանահայերի բռնի տեղահանման ու վտարման, ինչպես նաև 1991-1994 թվականներին տեղիունեցած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած տարածքային խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համապատասխան համաձայնագրի ստորագրման դեպքում»,- ասաց նա:

Իսկ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս էլ երկրորդ անգամ ՀՀ ներկայացուցիչը չնշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և արդյոք կապ կա դրա և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սպասվող փոփոխությունների միջև, Մելիքյանը նկատեց, որ այդ խնդրի լուծման ձգձգումը իր համար էլ տարօրինակ է, եթե չասի կասկածելի: Բայց թե ինչն է պատճառը՝ չգիտի.

«Գուցե իսկապես ինչ-որ արտաքին գործոններ են ազդել, բայց չէի բացառի նաև ներհայկական խարդավանքների տարբերակը՝ այս պաշտոնում, թերևս, չեն ցանկացել առաջադրել թեկնածուի, ով նախընտրելի է Մոսկվայի համար, սակայն մերժելի է տեղի ազդեցիկ քաղաքական խմբավորումներից մեկի տեսանկյունից»,- հավելեց մեր զրուցակիցը:

Զրուցեց Լիա Խոջոյանը