6.12.2024
Մամուլի տեսություն. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կհամալրի ՀՀԿ շարքերը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն արդիականացնում է Հայաստանի տանկերը՝ հասցնելով սպորտային մակարդակի

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիրը:

Տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» անդամ թիմերը: Հատկանշական է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր տանկերի արդիականացման համար պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ, գրում է «Իզվեստիա» լրատվամիջոցը: VERELQ-ին այդ տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ՊՆ-ում:

Ինչպես պատմել է անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը, հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած սպառազինությունների ArmHiTec-2016 ցուցահանդեսին «Ուրալվագոնզավոդ»-ի ցուցադրությունում ներկայացված Տ-72Բ4 արդիականացված տանկը զինված է եղել հեռակառավարվող գնդացիրով, ինչը նշանակում է, որ այն հնարավոր է տեղադրել արդիականացվող Տ-72 տանկերի վրա:

«Մինչև Ռուսաստանի հետ պայմանագիրը Հայաստանը պատրաստվում էր Տ-72 տանկերն արդիականացնել լեհական Bumar Łabędy ընկերության հետ՝ PT-72U ծրագրով»,- ասել է «Օտվագա-2004» («Отвага-2004») ինտերնետային նախագծի գլխավոր խմբագիր Վիտալի Մոիսեևը:

«84 տանկի արդիականացման պայմանագիրը, որոշ տվյալներով, պետք է Երևանին արժենար 100 միլիոն դոլար: Սակայն ռուսական «Տանկային բիաթլոնին» մասնակցությունից հետո հայ տանկիստները շատ լավ են արտահայտվել Տ-72Բ4 արդիականացված տարբերակի մասին, ինչը հավանաբար ազդել է երկրի ռազմական ղեկավարության ընտրության վրա»,- հավելել է նա: