Կարծում եմ, որ այո՛՝ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կանգնած է նոր՝ լայնածավալ պատերազմի նախաշեմին:
Նա նշեց, որ իր եզրակացությունը հիմնված է Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանության վրա, նաև կան որոշակի այլ տվյալներ։ Ինչ վերաբերում է էսկալացիայի վտանգի զսպման հնարավոր մեխանիզմներին, ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա։
«Սա է պատճառը, որ Հայաստանը համաձայնվեց կամ որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։ Թե՛ 2020-ի պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով, և մենք, ի վերջո, հասկանալով, որ հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասացինք՝ դեմ չենք, եթե դուք դիրտորդներ ուղարկեք, որպեսզի մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենաք, որպեսզի դուք հենց տեղից տեղեկատվություն ունենաք»,-ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ դիտորդները պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից։ Եվ Ադրբեջանի նախագահը՝ Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնվեց, բայց հետագայում հրաժարվեց.
«Ադրբեջանը մեզ մեղադրեց ԼՂ-ում ԶՈՒ ունենալու մեջ, սակայն ես նշեցի, որ ԼՂ-ում բանակ չունենք, Ադրբեջանի նախագահն էլ հակառակը պնդեց։ Տեսնելով, որ բանավեճը վերջ չունի, ես առաջարկեցի դիտորդներ բերվեն ԼՂ, սակայն Ադրբեջանը մերժեց»,-հայտնեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար ճգնաժամը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները՝ պատեհ կլինի Լաչինի միջանցք ուղղարկել փաստահավաք առաքելություն։