Փաշինյանը ներկայացրեց Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները
Այսօրվա ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
Նա նշեց, որ հարկ է համարել ՌԴ նախագահին իր մտահոգությունները փոխանցել։
Հարցին, թե Բաքուն արդեն խոսում է ինտեգրացիայի մասին, հնարավո՞ր է, որ ՌԴ-ն կողմ է այդ ինտեգրացիային կամ առհասարակ ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումն այս առումով, Փաշինյանն ասաց, որ կոռեկտ չի համարում այս հարցերի մասով Ռուսաստանի դիրքորոշումը բարձրաձայնել, հատկապես այն պարագայում, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը բազմիցս բարձրաձայնել է։
«Երեկվա մեր հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկատվությունը, տպավորությունները ու նաև ընդգծել եմ, որ կարծում եմ՝ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում և ինձ համար ամենակարևոր խնդիրը այս համատեքստում այն է, որ ոստիկանության ծառայողներ են սպանվել այդ պատասխանատվության գոտում։ Եվ սա մտահոգիչ է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է պատասխանել Պուտինը, Փաշինյանը նշեց.
«Կներեք, կոռեկտ չեմ համարում պատմել մեր ամբողջ խոսակցությունը»: