Մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս. Նիկոլ Փաշինյան
Այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ՀՀ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվեց:
Փաշինյանը նշեց, որ երբ ՀԱՊԿ քարտուղարը 2022 թվականին այցելել էր Հայաստան, նա իր հետ հանդւպմանն ասել էր, որ կազմակերպությունում մտավախություն ունեն, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից:
"Ես պատասխանեցի, որ այդ մտավախությունը տեղին չէ, նաև ասացի, որ ՀՀ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից: Եվ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից և դա մեզ անհանգստացնում է: Մենք չենք թաքցրել: Մենք հաճույքով կստանձնենք կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում",- ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ Երևանը հետևողականորեն աշխատել է ՀԱՊԿ-ի հետ, բայց գլխավոր հարցն է մնում՝ ՀԱՊԿ-ը ՀՀ տարածքում, ի վերջո, գործո՞ւմ է, թե չի գործում: Փաշինյանը շեշտեց.
«Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»:
Ինչ վերաբերում է այն արձանագրումներին, թե ՀՀ-ն սխալ հոդվածներով է դիմել ՀԱՊԿ-ին, Փաշինյանը վստահեցրեց՝ ՀԱՊԿ-ին Հայաստանը դիմել է հնարավոր բոլոր հոդվածներով, այնպես էր կա ընդամենը մեկ գնահատական.
«Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն է, որ ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս. սա անհանգստացնող է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: