ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հայտարարել է, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»: Ադրբեջանական ԶԼՄ-ները այդպիսի հայտարարություն են վերագրում Ուորլիքին, ինչին այդքան էլ չեն վստահում Երևանում ու Ստեփանակերտում ու նշում, որ առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական լրագրողները ցանկալին իրականության տեղ են ներկայացնում:
VERELQ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Արտակ Զաքարյանը նշեց, որ պետք չէ այդ տեղեկատվությունն ընկալել բանակցային գործընթացում սպասվող փոփոխությունների կոնտեքստում և վստահություն հայտնե, որ հարևան երկրի ԶԼՄ-ները հավատարիմ եմ մնացել իրենց՝ իրականությունը խեղաթյուրելի հայտնի գործելաոճին:
Նրա խոսքով, հայկական կողմն արդեն վաղուց սովորել է, որ այդպիսի խեղաթյուրման նպատակը սեփական հասարակությանը ականջահաճո հայտարարություններ հնչեցնել է:
«Բանակցային գործընթացն ունի իր տրամաբանությունը, որը հայտնի է նաև Բաքվին, որն էլ պետք է վերականգնի վստահության այն մթնոլորտը, որտեղ կարելի կլինի կառուցողական բանակցություններ վարել և պետք է վերադառնա կառուցողական դաշտ»,- նշեց Զաքարյանը:
Անդրադառնալով
Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը երկար տարիներ պնդում էր Ղարաբաղը ոչնչացնելու մասին, իսկ վերջերս խոսում է Ղարաբաղին ինքնավարության շնորհման մասին, Արտակ Զաքարյանը նշեց, որ ուշ թե շուտ Բաքուն միևնույն է ընդունելու է ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի լեգիտիմությունը՝ ճանաչելով Ստեփանակերտը որպես հավասար գործընկեր և հարևան հանրապետություն:
Նա հավելեց, որ մոտակա ժամանակներս պետք չէ սպասել լուրջ փոփոխությունների բանակցային գործընթացում, բայց պետք է Ադրբեջանին ստիպել պահպանել հրադադարի ռեժիմն ու շարունակել խաղաղ գործընթացը:
Իր հերթին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ
Դավիթ Բաբայանը նույնպես կարծիք հայտնեց, որ ամերիկացի համանախագահի խոսքերը խեղաթյուրվել են: Նրա խոսքով, Ուորլիքը խոսել է հավանաբար այն մասին, որ տարածքային հարցերը քննարկվում են, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները նրա հայտարարությունը ներկացրել են, որպես «օկուպացված տարածքների» վերադարձի պահանջ:
Բաբայանի խոսքով, դրանք այն հարցերն են, որոնք գտնվում են բանակցությունների օրակարգում ու Ադրբեջանը, որպես բանակցային կողմ, խոսում է դրանց մասին: Մինսկի խումբն էլ միջնորդներն են, որոնք ելնելով բանակցային գործընթացի տրամաբանությունից պետք է ներառեն հարցերը օրակարգ.
«Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանի հայտարարություններն ընդունելի են կամ ողջամիտ»,- ասաց Բաբայանը՝ կրկնելով, որ համոզված է՝ Ուորլիքի խոսքերը խեղաթյուրվել են: