Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական թերակտիվության կապի մասին այնպիսի լայն տարածվածություն ունեցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, կաթվածը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղը և այլն: Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ֆիզիկական թերակտիվությունը և նստակյաց կյանքը 15-20%-ով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև նվազեցնում բուժման արդյունավետությունը: Գնահատված է, որ ֆիզիկական թերակտիվության պատճառով տարեկան ծախսերն ամբողջ աշխարհում կազմում են շուրջ 54 միլիարդ դոլար, իսկ արտադրողականության կորստի հետևանքով առաջացած վնասը՝ 14 միլիարդ դոլար:
«Հերացի» վերլուծականը նշում է, որ աշխարհում չափահաս բնակչության ավելի քան մեկ քառորդը ֆիզիկապես ակտիվ չէ և չի պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը, այն է՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին, կամ 75 րոպե բարձր ակտիվություն:
Ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը ամբողջ աշխարհում տատանվում է 5.5-66.9% սահմաններում:
Բարձր եկամուտ ունեցող երկրներում այն կրկնակի ավելին է քան ցածր եկամուտ ունեցողներում: Ըստ 2016-2017թթ. իրականացված STEPS հետազոտության տվյալների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է: Չափահաս բնակչության 78%-ը չի պահպանում բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջը: Մտահոգիչ է, որ կանանց շրջանում այն էլ ավելի բարձր է (89%):
Տարածաշրջանի երկրներից ֆիզիկապես ավելի ակտիվ են ՌԴ-ում՝ 17.1% և Վրաստանում՝ 18%, իսկ Թուրքիայում և Իրանում թերակտիվության ցուցանիշներն ավելի բարձր են, համապատասխանաբար 30.6% և 33.2%:
Առանձին ուշադրության է արժանի թերակտիվության բարձր տարածվածությունն անչափահասների շրջանում: Միջազգային տվյալների համաձայն՝ աշխարհում դեռահասների երեք քառորդը թերակտիվ է: ՀՀ-ում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» միջազգային հետազոտության տվյալների համաձայն, 11-17 տարեկան երեխաների զգալի մասը չի կատարում ֆիզիկական ակտիվության նվազագույն պահանջը: Մասնավորապես, 11-15 տարեկաննների խմբում ընդամենը 26% է շաբաթվա մեջ ամեն օր առնվազն մեկ ժամ ակտիվ լինում, 17 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը էլ ավելի ցածր է՝ 17%: Սպորտով զբաղվում են դեռահասների 31%-ը:
Նկատենք նաեւ, որ առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից, իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը և այլն: Մեծահասակների վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով:
Հաշվի առնելով ֆիզիկական թերակտիվության և հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման միջև սերտ կապը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է բնակչության ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիր, որի նպատակն է մինջև 2030թ. իջեցնել բնակչության թերակտիվության տարածվածությունը 15%-ով: Նախագիծը առաջարկում է վերանայված մոտեցումներ 4 ուղղություններով՝ հանրության հետ հաղորդակցում ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, ֆիզիկական ակտիվության համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ակտիվ մարդկանց դաստիարակություն վաղ մանկական հասակից և ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված գործուն ռազմավարությունների ներդրում: